Նավալնիի կողմնակիցների հանրահավաքը «Բոլոտնայա» հրապարակում

Մոսկվայի կենտրոնում` «Բոլոտնայա» հրապարակում, սկսվել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետի՝ սեպտեմբերի 8-ին կայացած ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր թեկնածու Ալեքսեյ Նավալնիի (27,24% ձայն) կողմնակիցների հանրահավաքը, որը արտոնված է իշխանությունների կողմից: Ընդդիմադիր գործիչը հայտարարել է, որ համաձայն չէ առաջին փուլում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինի հաղթանակի հետ:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ շարունակում են լցնել «Բոլոտնայա» հրապարակը:

Նավալնիի շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը, որը բացել է հանրահավաքը, հայտարարել է, որ իրենք արդեն երկրորդ փուլի ծրագիր են մշակել:

Համաձայն պաշտոնական արդյունքների` Սերգեյ Սոբյանինը ստացել է 51,37% ձայն, և երկրորդ փուլ չի լինելու, սակայն Նավալնիի շտաբում վիճարկում են այն փաստը, որ Սոբյանինը ստացել է ընտրողների ձայների ավելի քան կեսը:

Առաջին փուլի ճակատագիրը որոշել է մոտ 28 հազ. ձայն, սակայն Ալեքսեյ Նավալնին պահանջում է վերստուգել մի շարք ընտրատեղամասեր, որոնցում դիտորդները խախտումներ են արձանագրել: Բլոգերի խոսքով` ինքն ու իր կողմնակիցները մտադիր չեն հանձնել իրենց և ոչ մի ձայնը:

Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովում հայտարարել են, որ պատրաստ են ուսումնասիրել ձայների վերահաշվարկի պահանջը:

Մոսկվայի դատախազությունը հանրահավաքից առաջ Նավալնիին նախազգուշացում էր ուղարկել քաղաքացիական անհնազանդության կոչերի անթույլատրելիության մասին:

Չնայած նրան` ընդդիմադիր գործիչը նշել է, որ հանգստություն է ցանկանում Մոսկվայում, քաղաքի իշխանությունները հանրահավաքի նախաշեմին ձեռնարկել են անվտանգության բարձր միջոցառումներ. ակցիայի մեկնարկից մի քանի ժամ առաջ «Բոլոտնայա» հրապարակ են ուղարկվել ներքին զորքեր և օմօնականներ:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով` հանրահավաքին մասնակցում է ավելի քան 9 հազ. մարդ: Ըստ իշխանությունների` հանրահավաքը ընթանում է առանց միջադեպերի:

Մեկնաբանել