Ինչ բուֆեր է հարկավոր Ռուսաստանին

Հայաստանին ստիպելով մտնել Մաքսային միության մեջ՝ Ռուսաստանը գործել է ինքնապաշտպանական բնազդով: Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները շատ շուտով կարող են մոտենալ նրա սահմաններին: Ասադի հնարավոր պարտությունը, Սիրիայում սուննիական ռեժիմի հաստատումը կարող է ուժեղացնել սեպարատիստական տրամադրությունները Հյուսիսային Կովկասում: Սաուդյան Արաբիայի և Կատարի հիմնադրամները Սիրիայի հետ հաշիվները փակելուց հետո կսկսեն ավելի ակտիվորեն ֆինանսավորել Հյուսիսային Կովկասում գործել ցանկացող խմբավորումներին:

Պարտությունը Չեչնիայում, անհաջողությունները Դաղստանում և Ռուսաստանի հարավի այլ մասերում կրոնական հիմնադրամներից ֆինանսավորվող ահաբեկչական խմբավորումների մոտ ռևանշի ցանկություն է առաջացնելու: Ռուսաստանը նման սցենարը կարող է կանխարգելել՝ օգնելով Ասադի ռեժիմին, հակառակ դեպքում ստիպված է բուֆեր փնտրել իր հարավային սահմանների և Մերձավոր Արևելքի միջև: Այդպիսի բուֆեր կարող է ծառայել Հարավային Կովկասը: Հայաստանին պարտադրելով մտնել Մաքսային միության մեջ՝ Ռուսաստանը բուֆերային գոտի ստեղծելու առաջին քայլն արեց:

Կայսրության ծայրագավառը, կամ ինչպես եվրասիական ինտեգրման կողմնակիցներն են սիրում ասել «ազգային պերիֆերիան», միայն Հայաստանով չի սահմանափակվի: Առաջիկայում Ռուսաստանը կփորձի Մաքսային միության մեջ ներգրավել նաև Վրաստանին և Ադրբեջանին: Վրաստանի համար խայծ կարող է ծառայել հնարավոր նվերը Միություն մուտքի համար: Ռուսաստանն Աբխազիայի և Հարավային Օսիայի տեսքով այդպիս նվեր ունի արդեն: Ավելորդ է նշել, թե Ռուսաստանն ինչպես կցանկանա սիրաշահել Ադրբեջանին: Ամենահեշտը ստացվեց Հայաստանի հետ, որովհետև իշխող վերնախավը խնդիր ունի ամեն կերպ պահելու իշխանությունը, չի դավանում ոչ մի արժեք՝ բացի բացարձակ նյութապաշտությունից, ոչ լեգիտիմ է և ատելի սեփական հասարակության կողմից: Նման իշխանությունը արտաքին աշխարհում խոցելի է և թույլ, ինչից էլ օգտվել է Պուտինը: Հետևաբար Հայաստանի համար նվերներ չեն լինի, կլինի միայն իշխանությունից զրկելու սպառնալիք, ինչն էլ բավարար է, որպեսզի ՀՀ գործող նախագահը համաձայնի Մաքսային միություն մտնելու առաջարկի հետ, իսկ հետագայում նաև՝ հայկական շահերի հաշվին Ռուսաստանի կողմից Ադրբեջանին նվերներ տալուն:

Նման սցենարը բացառելու համար հարկավոր է մոռանալ ՀՀ իշխանությունների մասին, որոնք բոլոր բնագավառներում անարդյունավետ են և ապաշնորհ: Քաղաքական ուժերի մասին խոսելն էլ ավելորդ է, քանզի նրանք ընդամենը փորձում են առևտուր անել տարբեր իրավիճակներում: Հասարակական այլ ինստիտուտներ է հարկավոր ձևավորել, միգուցե իշխանությանը զուգահեռ, այլընտրանքային մարմիններ, ինչպես Ղարաբաղյան շարժման ժամանակ: Հարկավոր է հայրենասեր հրամանատարների և այլ սպաների խմբեր որոնել բանակի մեջ, որոնք ոչ մի կերպ չեն կատարի Երևանից եկած դավաճանական հրամանները:

Աննախադեպ կոնսոլիդացիա է հարկավոր Արցախում: Քաղաքական անտագոնիզմի բացակայությունը թույլ կտա արցախյան քաղաքական ուժերի և ազդեցիկ խմբերի համագործակցությունը կենսական հարցերի շուրջ: Ավելին, ՀՀ նախագահի անակնկալ քայլերը միշտ վախեր են արթնացնում Արցախյան իշխանությունների մոտ: Այդպես եղել է Սարգսյան-Գյուլ մեղրամիսի և հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ, այդպես է և հիմա՝ Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո:

Եթե մուտքը Մաքսային/Եվրասիական միություն անխուսափելի է, ապա այն պետք է լինի 12 հազար կմ քառակուսի տարածք ունեցող Արցախի հետ միասին: Մաքսային միությունը վաղ թե ուշ փլուզվելու է, ինչպես ԽՍՀՄ-ը: Սակայն ԽՍՀՄ մուտք գործելու պահին մեր կորցրածի մի մասը վերականգնելը յոթանասուն տարի անց բավական ծանր նստեց հայության վրա: Նույն սխալը կրկնելու իրավունք չունենք: