Իրանը միացել է սիրիական քիմիական զենքը միջազգայնորեն վերահսկելու առաջարկին

Իրանն աջակցել է Ռուսաստանի՝  Սիրիայի քիմիական զենքի ամբողջ զինանոցը միջազգային վերահսկողության տակ փոխանցելու նախաձեռնությանը Դամասկոսի դեմ ռազմական օպերացիան կանխելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչին:

«Իրանը ողջունում է նախաձեռնությունը, որը միտված է ցանկացած ռազմական գործողությունների կանխարգելմանը: Ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանը զերծ մնա զանգվածային ոչնչացման զենքից: Այս ջանքերը պետք է ուղղված լինեն նաև քիմիական զենքին, որին տիրապետում են սիրիական ընդդիմադիր ուժերը», – հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Մարզիեհ Աֆխամը:

Սեպտեմբերի 9-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դամասկոսին կոչ էր արել քիմիական զենքը փոխանցել միջազգային վերահսկողության տակ, համաձայնության գալ զինանոցի ոչնչացման շուրջ և միանալ Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը: Սիրիայի իշխանություններն ընդունել էին այդ առաջարկը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հետաքրքրվածություն է ցուցաբերել Ռուսաստանի առաջարկի հանդեպ: