Վանի գործարարները` հայ զբոսաշրջիկների մասին

Սեպտեմբերի 8-ին Վանի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում չորրորդ տարին անընդմեջ պատարագ է մատուցվել: Այդ նպատակով աշխահի տարբեր երկրներից հարյուրավոր հայեր էին ժամանել Վան: Բնականաբար, Վանում անցկացվող արարողությունը տեղի բնակչությանը նախևառաջ հետաքրքրում է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Թուրքական Haberler.com կայքը փորձել է ճշտել, թե արդյոք Վանի զբոսաշրջային կազմակերպություններին ու հյուրանոցատերերին գոհացնում են ստացված եկամուտները:

Ayanis տուրիստական կազմակերպության ղեկավար Աբդուլլահ Թունչդեմիրը նշել է, որ վերջին երեք տարիների համեմատ` այս տարի Վան այցելուների թիվը նվազել է, ինչը մտահոգիչ է, և պետք է ուսումնասիրել դրա պատճառները: Նա ասել է նաև, որ թեև Հայաստանում և Թուրքիայում որոշ կազմակերպություններ դեմ են արտահայտվում Թուրքիա այցելելուն, սակայն պետք է շարունակել Վանում պատարագ անցկացնել` հայ զբոսաշրջիկներին գրավելու համար: Ավելին, ըստ նրա` սկսված թուրք-քրդական հաշտեցման գործընթացը ևս պետք է օգտագործել` ցույց տալու հայերին, որ անվտանգ մթնոլորտ է հաստատվել Վանում:

Վանի Rescate հյուրանոցի տնօրինություն էլ ընդհանուր առմամբ դժգոհ է հյուրընկալած մարդկանց թվից: Ըստ հյուրանոցի ղեկավարության` Վանում չպետք է բավարարվել միայն պատարագ մատուցելով, այլ կազմակերպել այլ միջոցառումներ ևս:

Վանի մեկ այլ` «Մենուա» հյուրանոցի տնօրինությունն էլ բավական գոհ է հայերի այցից, քանի որ հյուրերն ամբողջովին զբաղեցրել են հյուրանոցը: Սակայն այս հյուրանոցի տնօրինությունն էլ կարծում է, որ բավական աշխատանք կա տանելու` ավելի մեծ թվով զբոսաշրջիկների գրավելու ուղղությամբ:

Ըստ թուրքական Hurriyet թերթի` արարողությանը ներկա գտնվելու համար կղզի է այցելել մոտ 800 մարդ:

Աղթամար կզղին թուրքական կառավարության հովանավորությամբ վերանորոգվել է 2007թ.: 2010թ. թույլատրվել է եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ մատուցել: