Ես տվել եմ պատգամավորների բոլոր հարցերի պատասխանները. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը Եվրամիության Ասոցացման համաձայնագրի և Մաքսային միության վերաբերյալ. սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների հետ դռնփակ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մենք հստակ ենք արտահայտվել, մեր դիրքորոշումը հայտնել ենք նաև Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսի հետ հանդիպմանը»,- ասաց Նալբանդյանը` հավելելով, որ ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի ցանկությունը` Եվրամիության հետ հնարավոր բոլոր ձևափաչերով և եղանակներով զարգացնելու սերտ և խոր հարաբերություններ: Նալբանդյանի խոսքով` Հայաստանը պատրաստակամ է ԵՄ-ի հետ համագործակցել բոլոր հնարավոր ուղղություններով, որոնք չեն հակասի Հայաստանի որոշմանը` անդամակցելու Մաքսային միությանը: Արտգործնախարարը նշեց նաև, որ Լինաս Լինկևիչուսը հայտարարել է, որ կշարունակվի համագործակցությունը՝ հիմնվելով երկկողմ ձեռքբերումների վրա:

Հանդիպման ավարտին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դռնփակ նիստին հնչած հարցերին բավարար պատասխաններ չեն տրվել:

Էդվարդ Նալբանդյանն էլ նշեց, որ ինքը բոլոր հարցերի պատասխանները տվել է, եթե որևէ մեկն այլ կարծիքի է և չի բավարարում իրեն այդ պատասխանը, «դա արդեն նրա անձնական կարծիքն է»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ պատգամավորների բոլոր հարցերին տրվել են պատասխաններ, և «հայտնի են դարձել մանրամասներ, որոնք նույնիսկ իր համար են նորություն եղել, այնպես որ ընդդիմադիր պատգամավորները ինֆորմացիայի պակասի խնդիր չպետք է ունենան»:

ԱԺ լիագումար նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ արտգործնախարարի հետ հանդիպումից հիասթափված է և կարծիք հայտնեց, որ «կա´մ Մաքսային միությանն անդամակցելու պայմաններն այնքան անբարենապաստ են, որ իշխանությունը չի ցանկանում ներկայացնել դրանք, կա´մ չի տիրապետությում համապատասխան տեղեկատվությանը»:

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը:

Մեկնաբանել