Լրատվամիջոցների հեղինակային իրավունքներ խախտողները կտուգանվեն

Ազգային ժողովի սեպտեմբերի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ միաձայն (114 կողմ) ընդունվեց «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է թերթի, ամսագրի, ինտերնետային կայքի հոդվածներից քաղվածքի վերարտադրումն այլ լրատվամիջոցում թույլատրել միայն նպատակն արդարացնող ծավալով, ընդ որում` պետք է հղում կատարել հոդվածի սկզբնաղբյուրին։

Ըստ օրինագծի համահեղինակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանի՝ օրինագիծը նպատակ ունի առավել մանրամասն սահմանելու թերթերի, ամսագրերի, ինչպես նաև ինտերնետային կայքէջերի հոդվածներից քաղվածքների օգտագործման կարգը: Նման կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և բազմաթիվ լրատվական կայքերի առկայությունը հնարավորություն են տալիս ազատորեն վերարտադրելու սկզբնաղբյուր թերթերի տեղեկատվական, վերլուծական հոդվածները:

«Ընդ որում, հոդվածները շատ հաճախ վերարտադրվում են ամբողջությամբ, այլ ոչ թե նպատակը արդարացնող ծավալով, ինչպես դա նախատեսված է օրենքով, իսկ երբեմն էլ նույնիսկ չի նշվում հոդվածի սկզբնաղբյուրը: Այս դեպքում ամբողջ լրատվական դաշտում առկա տեղեկատվությանը ծանոթանալու համար ընթերցողին երբեմն բավական է այցելել միայն մեկ կայքէջ, ինչի արդյունքում աճում է միայն որոշակի կայքեր այցելությունների քանակը»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը` հավելելով, որ ստեղծված իրավիճակում մեծ վնաս է հասցվում հոդվածների սկզբնաղբյուրներին, էականորեն կրճատվում է թերթերի տպաքանակը կամ էլ կայքէջերի այցելությունների քանակը: Պատգամավորի գնահատմամբ՝ առաջարկվող լուծումները որոշակի հստակություն կմտցնեն ոլորտի կարգավորման հարցում և կնպաստեն հեղինակային իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը:

Հեղինակային իրավունքներն կամ հարակից իրավունքներները խախտողները դատարանի որոշմամբ կարող են պատժվել` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկով` 100 հազ.-200 հազ. դրամով:

Մեկնաբանել