ԱԺ 4 խմբակցությունները կոչ են անում ազատ արձակել Տիգրան Առաքելյանին

Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են անում ազատ արձակել Հայ ազգային կոնգրես ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, ինչպես նաև վերացնել նույն գործով անցնող ակտիվիստների ազատազրկման սպառնալիքը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012թ. հոկտեմբերի 3-ին իր թիվ 1900 բանաձևում ամրագրել է մարդուն քաղաքական բանտարկյալ համարելու չափորոշիչները: Բանաձևի 5-րդ կետն ուղղված է ԵԽ անդամ պետություններին, ուր ասվում է. «Վեհաժողովը ԵԽ անդամ բոլոր պետությունների իրավասու իշխանություններին կոչ է անում վերոհիշյալ չափանիշներին համապատասխան վերագնահատել քաղաքական բանտարկյալ դիտվող անձանց գործերը և ազատել նման բանտարկյալներին, կամ` պատշաճորեն վերաքննել նրանց գործերը»:

Համաձայն հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականների՝ Տիգրան Առաքելյանի գործը մի քանի չափորոշիչներով համապատասխանում է ԵԽԽՎ-ի կողմից ընդունված սահմանմանը: Տիգրան Առաքելյանի խնդրին անդրադարձ է եղել թե՛ ԵԽ նախարարների կոմիտեի շրջանառվող, թե՛ ԱՄՆ պետքարտուղարության` Մարդու իրավունքների 2012թ. զեկույցում, ինչը վնասում է Հայաստանի միջազգայն հեղինակությանն ու ժողովրդավարական վարկին:

Ուստի, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` վերոնշյալ բանաձևի ոգուն և տառին համապատասխան քայլեր ձեռնարկել Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատ արձակելու համար, ինչպես նաև` վերացնել նույն գործով անցնող ակտիվիստների ազատազրկման սպառնալիքը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից` Նաիրա Զոհրաբյան

«Ժառանգություն» խմբակցությունից` Ռուբիկ Հակոբյան

«Հայ ազգային Կոնգրես» խմբակցությունից` Լևոն Զուրաբյան

ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյան»:

Վերաքննիչ քրեական դատարանում օգոստոսի 5-ից սկսվել է ՀԱԿ ակտիվիստների գործով բողոքի քննությունը:

Մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը` քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, որոշել էր ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների բողոքը բավարարել մասնակի, բեկանել վերաքննիչ դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2012թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀԱԿ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման ոստիկանների հետ վիճաբանության պատճառով:

2012թ. նոյեմբերի 13-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին առաջին ատյանի դատավճիռը բեկանելու դիմումը:

Մեկնաբանել