Ա. Սաքունցն ու Ժ. Ալեքսանյանը դուրս են եկել զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովից

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը  հայտարարություն է տարածել, որում նշում է, որ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ անդամ Ժաննա Ալեքսանյանն դուրս են գալիս զինծառայողների մահվան հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմից:

Հայտարարության մեջ, մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ակնհայտ ապօրինի որոշումը, որը կայացավ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի անմիջական ուղղորդմամբ և հսկողությամբ,  հայտարարում ենք, որ անհնարին ենք համարում մեր հետագա գործունեությունը դեռևս աշխատանքները չսկսած զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովի կազմում:

Նախաքննության փուլում աղմկահարույց քրեական այս գործով ՊՆ քննչական ծառայության կողմից քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ավելի է խորացնում, արդեն իսկ առկա, հանրության անվստահությունը ի պաշտոնե հսկողություն իրականացնող ՀՀ Զինվորական դատախազության նկատմամբ: Հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող այս գործով ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի միակողմանի հրապարակային ելույթները վստահություն չեն ներշնչում ՀՀ Զինված ուժերում մահվան դեպքերով քրեական գործերի օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրման համար»:

Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ