Չինաստանը Հայաստանին լրացուցիչ դրամաշնորհ կհատկացնի

Չինաստանը որոշում է կայացրել Հայաստանի կառավարությանը լրացուցիչ 100 մլն յուանի (շուրջ $16 մլն) անհատույց ֆինանսական օգնություն տրամադրել` համատեղ ծրագրերի իրականացման համար։ Այս մասին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի` Չինաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Դալիան քաղաքում հայտարարել է Չինաստանի վարչապետ Լի Կեցիանին։

Հայաստանի կառավարության հաղորդագրության համաձայն՝ 2013թ. համար Չինաստանի կառավարությունը Հայաստանին արդեն իսկ տրամադրել էր շուրջ $11 մլն-ի դրամաշնորհ՝ տեխնիկական օգնության ծրագրի շրջանակում։ Այդ գումարի հիմնական մասը տրամադրել է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարությանը, իսկ մյուս մասով Հայաստանը մաքսային ծառայության համար ձեռք է բերել մաքսային զննման շարժական սարք (սկաներ):

Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը Չինաստանի վարչապետն ասել է, որ պատրաստ են Չինաստանի քաղաքացիներին, որպես տուրիստներ ուղղորդել, որպեսզի նրանք այցելեն և ծանոթանան Հայաստանի հետ։ «Աշխատանքներ կտարվեն չինական ներդրումները Հայաստանում ավելացնելու ուղղությամբ: Մենք նաև պատրաստ ենք Հայաստանից դեպի չինական շուկա ներմուծել տարբեր ապրանքներ։ Բացի Հայաստանում ներդրումներ անելուց, մենք ցանկանում ենք չինական շուկայում տեսնել հայկական կոնյակ, ոսկերչական իրեր և թանկարժեք քարեր»,- ասել է Չինաստանի վարչապետը

Տիգրան Սարգսյանն իր հետթին նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն է։ «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Չինաստանին Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ իր հավասարակշռված դիրքորոշման համար։ Ուրախ եմ նաև, որ վերջին տարիներին մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով խորանում են։ Այս տեսակետից կարևոր է նաև Հայաստանում Կոնֆուցիի կենտրոնի գոյությունը, որը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։ Մենք ցանկանում ենք, որ Կանֆուցիի կենտրոնը մասնաճյուղեր բացի նաև Հայաստանի մարզերում։ Կարևոր է նաև, որ Հայաստանում կառուցվելու է չինական դպրոցը»,- ասել է Տ. Սարգսյանը:

Կարևորելով հայկական կոնյակի վաճառքը չինական շուկայում` Տիգրան Սարգսյանը նշել է. «Այսօր հայկական կազմակերպությունները մեծացնում են կոնյակի և գինու արտադրությունը: Այսօր Հայաստանում արտադրվում է նաև ծխախոտ և կխնդրենք այդ հարցում ևս մեզ օգնել, որպեսզի այս ապրանքները արտահանվեն Չինաստան: Տնտեսական հարաբերությունների զարգացման համար կարևոր է այն փաստաթուղթը, որը մենք այսօր ստորագրելու ենք։ Օգտվելով առիթից, ուզում եմ տեղեկացնել նաև, որ մենք Երևանում հիմնել ենք ազատ տնտեսական գոտի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող չինական ընկերություններին հրավիրում ենք այդ տարածքում աշխատելու»։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշմանը։ Միաժամանակ վարչապետ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը ցանկություն ունի նաև դիտորդի կարգավիճակ ձեռք բերել համագործակցության Շանհայի կազմակերպությունում (անդամներն են. Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Ուզբեկստան, Տաջիկստան։ Դիտորդի կարգավիճակ ունեն՝ Հնդկաստան, Իրան, Աֆղանստան, պակիստան Մոնղոլիա), և այս առումով Հայաստանին անհրաժեշտ կլինի Չինաստանի օժանդակությունը։

Լի Կեցիանը նշել է, որ Չինաստանը շատ լավ է հասկանում Հայաստանի ցանկությունը ակտիվ մասնակցել տարածրջանային գործընթացներին և Չինաստանը նույնպես տրամադրված է ակտիվ հարաբերություններ ունենալ Մաքսային միության հետ։ Չինաստանի վարչապետը նաև նշել է, որ Չինաստանը Շանհայի կազմակերպության իր գործընկերների հետ կքննարկի Հայաստանի դիտորդի կարգավիճակ ունենալու հարցը։