Ռուսաստանը սիրիական քիմիական զենքի վերաբերյալ նախագիծ է մշակում

Ռուսաստանը շուտով կպատրաստի սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ փոխանցելու վերաբերյալ նախագիծը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է BBC-ն:

«Ռուսական կողմը ներկայում զբաղված է աշխատունակ, հստակ նախագծի մշակմամբ, որի նպատակով այս պահին քննարկումներ են ընթանում սիրիական կողմի հետ», – ասել է նախարարը լիբիացի իր գործընկեր Մուհամադ Աբդել Ազիզի հետ բանակցություններից հետո՝ լրագրողների հետ հանդիպմանը:

«Ակնկալում ենք այդ նախագիծը շուտով ներկայացնել և պատրաստ ենք այն լրացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Քիմիական զենքի արգելման կազմակերպության և Անվտանգության խորհրդի անդամների հետ համատեղ», – նշել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը նաև հավելել է, որ ՄԱԿ-ի փորձագետները պետք է վերադառնան Սիրիա քիմիական գրոհը հետաքննելու համար:

Սեպտեմբերի 10-ին Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ կներկայացնի բանաձևի նախագիծ, հայտարարել է այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսը: Նախագծի նպատակն է նպաստել Սիրիայում ռուսական առաջարկի իրականացմանը, որը նախատեսում է սիրիական քիմիական զենքը փոխանցել միջազգային վերահսկողության տակ:

Մեկնաբանել