Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ

Վերաքննիչ քրեական դատարանում սեպտեմբերի 10-ին շարունակվեց ՀԱԿ ակտիվիստների գործով բողոքի քննությունը: Դատարանը` դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, մերժեց փաստաբան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը` Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Հատկանշական է, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն Ստեփան Ոսկանյանը բազմիցս է ներկայացրել, սակայն այս անգամ առանձնահատկությունն այն էր, որ փաստաբանը վկայակոչում էր Եվրադատարանի նախադեպային գործերը, որոնց համաձայն` ձերբակալությունը` որպես խափանման միջոց, կիրառվում է ողջամիտ ժամկետներում: Ըստ փաստաբանի` դատարանը բավարար հիմքեր չի ներկայացնում, թե ինչու Տիգրան Առաքելյանը «պետք է թաքնվի քննությունից, կատարի հանցավոր արարք կամ խոչընդոտի դատական գործընթացը»: Դատարանը սակայն կրկին որոշեց անփոփոխ թողնել ՀԱԿ ակտիվիստի խափանման միջոցը` պատճառաբանելով, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է բավական ծանր հանցանքի մեջ, որի դեպքում խափանման միջոցը կալանք նշանակելն օրինաչափ է:

Փաստաբանը միջնորդությանը կից դատավորին ներկայացրեց նաև հայտարարություն` արված ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ և ՀՅԴ խմբակցությունների կողմից, որտեղ կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին և վերացնել մյուս երեք երիտասարդների ազատազրկման սպառնալիքը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իր հերթին, դիմել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբանյանին` խնդրելով ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը:

ՀԱԿ ակտիվիստների գործով դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 18-ին` ժամը 14:00-ին:

Մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը` քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, որոշել էր ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների բողոքը բավարարել մասնակի, բեկանել վերաքննիչ դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2012թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀԱԿ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման ոստիկանների հետ վիճաբանության պատճառով:

2012թ. նոյեմբերի 13-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին առաջին ատյանի դատավճիռը բեկանելու դիմումը:

Մեկնաբանել