Ստամբուլը պարտվել է թուրքական լրատվամիջոցների պատճառով. Թուրքիայի սպորտի նախարար

Թուրքիայի սպորտի նախարար Սուաթ Քըլըչը քննադատության է ենթարկել հայրենի լրատվամիջոցներին: Նախարարի խոսքով՝ թուրք լրագրողները, ոչ բավարար կերպով աջակցելով կառավարական դիրքորոշումներին, նպաստել են նրան, որ 2020թ. Օլիմպիադան հյուրընկալելու համար ընթացող մրցավազքում Ստամբուլը զիջել է Տոկիոյին, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Հարցին, թե որքանով են Գեզիի ցույցերը պայմանավորել Թուրքիայի պարտությունը, Քըլըչն ասել է, որ լրատվամիջոցները նույնպես խաղացել են իրենց դերը՝ «ուռճացնելով» իրադարձությունները:

«Այս հարցն ուղղեք ձեր շրջանում մամուլի ներկայացուցիչներին: Մենք չենք, որ օրակարգ ենք բերել Գեզիի դեպքերը: Համընդհանուր կարծիքին հակառակ՝ Գեզիի դեպքերը լրջորեն չեն ընկալվել միջազգային հանրության կողմից: Ցավոք՝ Թուրքիայում դեպքերն այնպես են լուսաբանվել, որ բացասաբար են անդրադարձել Թուրքիայի հեղինակության վրա», – ասել է սպորտի նախարարը:

Քըլըչի խոսքով՝ ճապոնական և իսպանական լրատվամիջոցներն աջակցել են իրենց երկրների թեկնածություններին, և չեն ուռճացրել բացասական երևույթները, որոնք տեղի են ունենում իրենց երկրներում:

Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի հանձնաժողովի անդամների որոշման առթիվ իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով՝ «անարդար» այս որոշմամբ խզվում է կապը մուսուլման աշխարհի հետ:

Տոկիոն 2020-ի ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք է հռչակվել սեպտեմբերի 8-ին Բուենոս Այրեսում՝ ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեի կողմից: Եզրափակչում Օլիմպիադան հյուրընկալելու համար մրցում էին Մադրիդը, Տոկիոն և Ստամբուլը: Մադրիդի՝ մրցավազքից դուրս գալուց հետո Տոկիոն հավաքել է 60 ձայն: Ստամբուլի օգտին քվեարկել է ՄՕԿ-ի 36 անդամ:

Մեկնաբանել