«Թրանսփարենսին» Հերմինե Նաղդալյանի հարցով դիմել է Էթիկայի հանձնաժողով

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» դիմել է Ազգային ժողովի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովներին՝ խնդրելով քննության առնել օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելու պարագայում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու հարցը, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն Հ. Նաղդալյանի հայտարարագրած գույքի և եկամուտների և դրանց աղբյուրների վերլուծության և ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների հետ համադրման վերաբերյալ, հաղորդում են կենտրոնի մամուլի ծառայությունից:

«Միաժամանակ կենտրոնը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից հայցել է ստանալ հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավվածության և հանրային գնումների գործընթացներին նրանց ընկերությունների մասնակցության վերաբերյալ:

Հիշեցնում ենք, որ Էթիկայի հանձնաժողովներին դիմելու հիմք է հանդիսացել «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի օգոստոսի 29-ի համարում հրապարակված «Նաղդալյանին պատկանող ընկերության հետ 409 մլն դրամի պետական գնման պայմանագիր է կնքվել» վերտառությամբ նյութը, ըստ որի` առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր է կնքվել Հ. Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ և կառավարության որոշմամբ հատկացվել է 416 մլն 769 հազ. դրամ «Ա/Ճ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության սահման 177+000-կմ 217+000կմ առանձին հատվածների հիմնանորոգման» աշխատանքների կատարման համար:

Ի լրումն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արգելքի խախտման, պատգամավորի կողմից օրենսդրական և ձեռնարկատիրական գործունեության զուգակցումը հիմնավոր կասկածներ է առաջացնում պատգամավորի կողմից պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի օգտագործելու և շահերի բախման ռիսկերի հնարավորությունները մեծացնելու վերաբերյալ: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պատգամավորը պարտավոր է օրենքով նախատեսված դեպքում հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, ինչպես նաև պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները, այդ թվում` հարգել oրենքը և ենթարկվել oրենքին, չoգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի, իր գործունեությամբ նպաuտել Ազգային ժողովի նկատմամբ վuտահության և հարգանքի ձևավորմանը:

ԹԻՀԿ-ն գտնում է, որ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի մասնակցությամբ ընկերության կողմից առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր կնքելը հանրության մոտ հիմնավոր կասկածներ է առաջացնում պաշտոնի հեղինակությունը չարաշահելու մասին, ինչի հետևանքով բացասական կարծիք է ձևավորվում ԱԺ պատգամավորի և նրա կողմից ներկայացվող կառույցի մասին»,- ասված է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» տարածած հայտարարությունում:

Մեկնաբանել