Փաշինյանն ու Մուկուչյանը բանավիճեցին անեկդոտներով

Ազգային ժողովում սեպտեմբերի 10-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հաշվետվություն ներկայացրեց 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ: Հաշվետվության ներկայացումից հետ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Տիգրան Մուկուչյանին:

«Ես ձեզ փաստարկ-հարցեր կներկայացնեմ, որոնք մեկ անգամ էլ կփաստեն, որ Ձեր ակտիվ մասնակցությամբ 2013թ. փետրվարի 18-ին կեղծվել են նախագահական ընտրությունները»,- ասաց Փաշինյանը` վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, որոնց համաձայն` 2008-2012 թթ. Հայաստանի Հանրապետությունից անվերադարձ հեռացել է 150-230 հազ. մարդ: Նույն պաշտոնական արդյունքներով, ըստ Փաշինյանի, տվյալ ժամանակահատվածում ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների թիվն ավելացել է207 հազ-ով, իսկ ԵԱՀԿ դիտարդական առաքելության մարտի 2-ին հրապարակած զեկույցում նշվում է, որ միջինից բարձր մասնակցության դեպքում նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է ձայների ավելի մեծ բաժին:

«Այսինքն, հասկանում ենք` գնացած, ոչ ներկա ընտրողներ և միջինից բարձր, այսինքն` կասկածելի մասնակցություն, արդյունքում` Սերժ Սարգսյանի համար ավելի բարձր արդյունքներ»,- ասաց ՀԱԿ պատգամավորը` վկայակոչելով 2013թ. օգոստոսի 1-ի «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումերից մեկը, որում զուգահեռներ էին տարվել Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած` բնակչության թվի և ընտրությունների արդյունքներով մի շարք բնակավայրերում ստացված թվերի միջև:

ՀԱԿ պատգամավորը նշեց նաև, որ դատախազությունն ընտրախախտումների հաղորդումների հիման վրա ընթացք է տվել 159 գործի, սակայն հարուցվել է 13 քրգործ, և ընդամենը 4-ն է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

ԿԸՀ նախագահը, պատասխանելով Փաշինյանին, նշեց, որ պատգամավորի կարծիքն ընտրությունների վերաբերյալ կարծրացած է և «դա նրա սուբյեկտիվ ընկալումն է»: Խոսելով ՀԺ հրապարակման մասին` Մուկուչյանն ասաց, որ այդ հրապարակումից հետո ԿԸՀ-ն պարզաբանումներ է ներկայացրել:

«Իսկ քվեարկության օրը ստացված հաղորդումների մեծ մասն առնչություն չունի իրականության հետ»,- ասաց Մուկուչյանը, ինչին էլ Փաշինյանը հակադարձեց, որ «կարծրատիպը ոչ թե իր մոտ է, այլ փորձի վրա հիմնված հանրության շրջանում»: Այնուհետ ՀԱԿ պատգամավորն անեկդոտ պատմեց և խնդրեց Տիգրան Մուկուչյանին «անձնապես չընդունել»:

«Բարաք Օբաման զանգում է Սերժ Սարգսյանին և խնդրում է օգնել հաղթել նախագահական ընտրություններում: Սերժ Սարգսյանն ուղարկում է Տիգրան Մուկուչյանին: Ընտրություններից հետո Օբաման զանգում է Սերժ Սարգսյանին և ասում է` քո արածը քեզ դուր եկավ. ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը»,- պատմեց Փաշինյանը` խնդրելով չնեղանալ, «քանի որ սա պետական հարց է, որի ֆոնին Մուկուչյանի կերպարը մեկնաբանություն է ստանում:

ԿԸՀ նախագահն էլ, դիմելով Փաշինյանին, մեջբերեց Հովհաննես Թումանյանի խոսքը. «Ու հեռու է մինչ մարդը իր ճամփան»:

Մեկնաբանել