Չինաստանում քննարկվել են ՏՏ ոլորտում հայ-չինական համագործակցության հեռանկարները

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Չինաստանի Դալիան քաղաքում հանդիպում է ունեցել  China Communication Constrction Company ընկերության գործադիր տնօրեն Վանգ Զիջհունի հետ, որը ներկայացրել է ընկերության գործունեությունը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, ընկերությունը մասնագիտացած է ճանապարհաշինության ոլորտում. իրականացնում է նախագծում, շինարարություն, սպասարկում: Այն աշխարհում զբաղեցնում է ոլորտի տասներորդ հորիզոնականը: Ընկերության գործադիր տնօրենը Տիգրան Սարգսյանին հավաստիացրել է, որ հետաքրքրված են Հայաստանում ճանապարհաշինության ոլորտում ներկայացված լինելու հարցում և արդեն իսկ մշակում են մի շարք առաջարկներ, որոնք առաջիկայում կներկայացնեն ՀՀ կառավարության քննարկմանը:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է Inspur ընկերության ներկայացուցիչներին: Ընկերությանը ներկայացնում է ՏՏ ոլորտը. նախագծում և արտադրում է գերհամակարգիչներ, մշակում  ՏՏ ծրագրեր կրթության, ինդուստրիալ դիզայնի համար:

Ընկերության փոխնախագահ Ժհանգ Դոնգը վարչապետ Սարգսյանին   պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցելու, քանի որ տեղյակ են ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման մասին, և համաշխարհային շատ ընկերություններ ակտիվացնում են իրենց ներկայությունն Հայաստանի Հանրապետությունում: Ըստ Ժ.Դոնգի` այս ոլորտում կա զարգացման մեծ ներուժ և համագործակցության լայն հեռանկար:

Վարչապետ Սարգսյանն ընկերության ներկայացուցիչներին հայտնել է, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության գերակայություններից է: Նա նշել է, որ անցած տարվանից Հայաստանն ունի իր ներկայացուցչությունը Սիլիկոնյան հովտում, որն աշխատում է պետություն-մասնավոր համագործակցությամբ:  Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նաև վերջերս Երևանում բացված ազատ տնտեսական գոտու առավելությունները, որոնք  հիմնականում նախատեսված են  ՏՏ ոլորտի ընկերությունների համար: