Չորս ամսվա ընթացքում Թուրքիան լքել է PKK-ի 600 զինյալ

2013թ. մայիսից ի վեր Թուրքիան լքել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 600 զինյալ, հաղորդում է Dogan գործակալությունը: 2013թ. մայիսի 8-ից Դիարբեքիրից, Դերսիմից, Բինգյոլից, Էրզրումից, Սղերդից PKK-ի գրոհայինները 29-ական խմբերով անցել են Հյուսիսային Իրաք:

Թուրքական կողմը պնդում էր, թե PKK-ն դուրս է բերում իր հիվանդ, ծեր, ինչպես նաև կին զինյալներին: Ի պատասխան այս հայտարարությունների` քրդերը հրապարակեցին Թուրքիան լքող PKK-ականների լուսանկարները` վերջ դնելու համար այս խոսակցություններին:

Այդուհանդերձ, թուրք-քրդական խաղաղության գործընթացի արգելակումը կապվում է հենց զինյալների դուրսբերման խնդրի հետ: Բանն այն է, որ Թուրքիայի կառավարությունը պնդում է, որ երկիրը լքել է PKK-ի մարտիկների միայն 20-25%-ը: PKK-ն էլ հայտարարում է, թե Թուրքիայի կառավարության հետ պայմանավորվածություն չի եղել, թե մինչև վերջին գրոհայինը հեռանալու է Թուրքիայից:

Նշենք, որ օրերս PKK-ն հայտարարել էր քուրդ զինյալների դուրսբերումը դադարեցնելու մասին` պատճառաբանելով, որ թուրքական կառավարությունը քրդական հարցի լուծման ուղղության քայլեր չի ձեռնարկում: Այնուհանդերձ, զինադադարը մնում է ուժի մեջ:

Թուրք-քրդական խաղաղության գործընթացը սկսվել է 2013թ. մարտի 21-ին, երբ PKK-ի հիմնադիր և քուրդ ժողովրդի առաջնորդ հռչակված Աբդուլլահ Օջալանը զինադադար հայտարարեց և կոչ արեց քուրդ զինյալներին հեռանալ երկրից:

PKK-ն 1984-ից զինյալ պայքար է մղում Թուրքիայի դեմ: Քրդական ռազմաքաղաքական այս կառույցը նպատակ ուներ միավորել Թուրքիայի, Սիրիայի, Իրանի և Իրաքի քրդաբնակ շրջանները և ստեղծել միասնական քրդական պետություն:

Շուտով PKK-ի թիրախում հայտնվեց Թուրքիան, որի դեմ էլ կառույցը կենտրոնացրեց իր ուժերը: 1999թ. Օջալանի ձերբակալությունից հետո PKK-ն հրաժարվեց անկախության գաղափարից, սակայն շարունակեց պայքարը քրդերի իրավունքների համար: Պայքարի հիմնական մեթոդը պարտիզանական կռիվներն էին, ինչպես նաև ահաբեկչական ու պատժիչ գործողությունները: Կառույցն ահաբեկչական է համարվում Թուրքիայում, ԱՄՆ-ում և բազմաթիվ այլ երկրներում: Վերջին տարիներին այն հակվել է քրդական հարցում Թուրքիայի կառավարության հետ բանակցությունների ճանապարհով լուծումներ գտնելու քաղաքականությանը:

Մեկնաբանել