Ընթացիկ վերականգնողական աշխատանքներ` Ամուլսարում

Լուսանկարը` mining-technology.com-ի

«Գեոթիմ» ընկերությունը Ամուլսարում որոնողահետախուզական աշխատանքներ է իրականացնում:

Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Գեոթիմ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության համաձայն` ընկերությունը, հավատարիմ լինելով Ամուլսարի ծրագիրը միջազգային ամենաբարձր չափանիշներով իրականացնելու և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պահանջներին համապատասխանելու պարտավորությանը, Ամուլսարում ընթացիկ վերականգնողական և բնապահպանական միջոցառումներ է իրականցնում 2006-ից:

Այն տարածքները, որոնք հետագայում այլևս չեն օգտագործվելու հանքի շահագործման, ենթակառուցվածքների տեղադրման և այլ տեխնիկական նպատակներով, բայց օգտագործվել են որոնողահետախուզական աշխատանքների ընթացքում, արդեն այսօր վերականգնվում են և վերակուլտիվացվում:

2013թ. սեպտեմբերի 3-ին վերականգնման աշխատանքների վերահսկման նպատակով Ամուլսար այցելած ՎԶԵԲ բնապահպանական մասնագետը եզրակացրել է, որ «Լիդիանը» և «Գեոթիմը» հսկայական ջանք են գործադրել որոնողահետախուզական աշխատանքների հետևանքով փոփոխության ենթարկված տեղանքը վերականգնելու և վերակուլտիվացնելու ուղղությամբ: Վերականգնվել են այն տեղանքները, որտեղ նախկինում բացվել են ճանապարհներ, կամ արվել են հորատանցքեր, որոնք այլևս չեն օգտագործվելու: ՎԶԵԲ մասնագետը նաև ընդգծել է, որ «Լիդիանը» զգալիորեն բարելավել է ջրահեռացումը ճանապարհներից և հետագայում օգտագործվելիք այլ տեղանքներից, ինչը կանխարգելում է ձնհալի և անձրևաջրերի պատճառով էրոզիայի վտանգը: Դրական է գնահատվել հատկապես այն հանգամանքը, որ աշխատանքների մեծ մասը իրականացվում է շրջակա համայնքներում բնակվող աշխատակիցների կողմից, որոնք զբաղված են ամենատարբեր վերականգնողական աշխատանքներում, այդ թվում և աշխատում են ծանր տեխնիկայի վրա:

Բացի վերականգնողական և վերակուլտիվացիոն աշխատանքներից` ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը ընդգծել է նաև աղբի և կենցաղային թափոնների կառավարման կարևորությունը, որ «Գեոթիմն» իրականացնում է միջազգային լավագույն չափանիշներով: Խոսքը մասնավորապես պլաստիկի, մետաղի, ապակու և թղթի տարանջատման մասին է, դրանք հնարավորինս շատ օգտագործելու և վերամշակելու նպատակով: ՎԶԵԲ ներկայացուցիչը հայտնել է, որ տպավորված է արված աշխատանքներով և այն հանգամանքով, որ ավելի քան 35 աշխատակից զբաղված է միայն վերականգնողական և բնապահպանական աշխատանքներով:

Նշենք, որ «Գեոթիմը» «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, իսկ «Լիդիան ինթերնեյշնլի» խոշոր բաժնետերեր են Միջազգային ֆինանսական կորպորացիան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը:

Մեկնաբանել