Մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ. Շարմազանով

«Նրանք, ովքեր Հայաստան-Եվրոպա հարաբերություններում փորձում են վերջակետ դնել, մեղմ ասած, սխալվում են, քանզի եվրասիական և եվրոպական տնտեսական ինտեգրման գործընթացները մենք դիտարկում ենք որպես փոխլրացնող»,- այսպիսի կարծիք է հայտնել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ հայտարարությունների ժամին:

Շարմազանովի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացված է ստորև.

Քաղաքական աշունը մեկնարկել է հետաքրքիր և բուռն զարգացումներով, թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում: Ուշադրության է արժանի սեպտեմբեի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը կարելի է արդյունավետ որակել դաշնակից երկու պետությունների համար:

Առաջին, կողմերը հայտարարեցին, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի բացառապես քաղաքական լուծում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Սա նշանակում է, որ հարևան Ադրբեջանի և նրա ավագ եղբայր Թուրքիայի՝ խնդրի լուծման այլընտրանքային, այդ թվում` ռազմական նկրտումները հօդս են ցնդում:

Երկրորդ, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին արդիականացնելու և դիվերսիֆիկացնելու թե՛ երկրի տնտեսությունը և թե՛ էներգետիկ անվտանգության համակարգը: Այս խնդիրը հավելյալ կարևորություն է ստանում հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների համատեքստում:

Եվ երրորդ, երկու դաշնակից պետությունները պատրաստակամություն հայտնեցին մինչև 2020թ. երկարաժամկետ տնտեսական համագործակցություն ծավալելու, մասնավորապես, հայկական կողմը քաղաքական հայտարարությամբ ազդարարեց, որ պատրաստ է միանալու Մաքսային միությանը, որը նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի մեր երկրի արտադրողին:

Ավելին` այս հայտարարության համատեքստում հստակ նշվեց, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու իր քաղաքական երկխոսությունը Եվրոպայի հետ: Սակայն արի ու տես, որ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը, չգիտես ինչու, ոմանց համար դարձավ ամպրոպ անամպ երկնքում: Սկսեցին շրջանառվել ամենատարբեր կարծիքներ, հասարակությունը արհեստականորեն բաժանվեց ռուսամետների և արևմտամետների:

Հայաստանի ժողովուդն իր ընտրությունը կատարել է դեռևս 1991-ի սեպտեմբեի 21-ին՝ բռնելով անկախ պետականության ուղին: Պետական շահի գերակայությունից ելնելով` տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները խորացրել են հարաբերությունները մեր ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի հետ՝ միևնույն ժամանակ զարգացնելով երկխոսությունը եվրոպացի և այլ գործընկերների հետ:

Կարծում եմ՝ նրանք, ովքեր Հայաստան-Եվրոպա հարաբերություններում փորձում են վերջակետ դնել, մեղմ ասած, սխալվում են, քանզի եվրասիական և եվրոպական տնտեսական ինտեգրման գործընթացները մենք դիտարկում ենք որպես փոխլրացնող: Մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ և հետամուտ լինելու բարեփոխումների իրականացմանը:

Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ ամենևին կարիք չկա մութ սենյակում սև կատու փնտրել, երբ կատուն այնտեղ չէ: