ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահին

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: 

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորել է դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների և մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ, հետևողական միջնորդական ջանքերն ուղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական մեծ փորձը և մասնագիտական պատրաստվածությունը կծառայեն այդ նպատակին։
Ջեյմս Ուորլիքը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է անել հնարավորը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման նպատակով։ 
Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը՝ համանախագահ երկրների հետ, միասնական և վճռական է հասնելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը` Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված մեկ ամբողջություն կազմող սկզբունքների և տարրերի հիման վրա։ 
Նախարար Նալբանդյանը և դեսպան Ուորլիքը հանգամանորեն անդրադարձան բանակցային գործընթացին առնչվող հարցերին։