Ավագանու անդամները փոխհատուցում կստանան

Սեպտեմբերի 10-ին գումարված 2-րդ նստաշրջանի 1-ին նիստում, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների համապատասխան հոդվածներով, Երևան քաղաքի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից նվազագույն աշխատավարձի չափով ամսական 45000-ական դրամ փոխհատուցում տրամադրել։

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ավագանին հավանություն է տվել արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանի, վաստակավոր ճարտարապետ Գևորգ Մուշեղյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին: Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել նաև մայրաքաղաքում ականավոր պետական, կուսակցական գործիչ Անտոն Քոչինյանի անունով փողոց անվանակոչելու մասին որոշմանը:

Օրակարգի «Թիվ 7 պոլիկլինիկա» ՓԲԸ վերակազմակերպմանն առնչվող հարցի քննարկման ժամանակ ավագանու անդամների բարձրաձայնած որոշ մտահոգություների առնչությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ թիվ 7 համաբուժարանի շենքը շարունակելու է գործել որպես 8-րդ համաբուժարանի մասնաճյուղ. «Նշված տարածքը շարունակելու է ծառայել թաղամասի բնակչությանը որպես համաբուժարան, այն տարբերությամբ միայն, որ վերակազմավորումից հետո, օգտագործելով թիվ 8 համաբուժարանի ինչպես նյութական, այնպես էլ լրացուցիչ մասնագիտական հնարավորությունները, այնտեղ կապահովվեն հարմարավետ պայմաններ և կմատուցվի լիարժեք բուժծառայություն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ տարածքն օտարելու մասին խոսք լինել չի կարող:

Երևանի ավագանին 53 կողմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությանը, որով նախատեսվում է Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարին կից կազմավորել հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդներ: Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդը, ինչպես որոշման նախագիծը հիմնավորելիս նշել է քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, լինելու է մշտապես գործող խորհրդակցական մարմին, որի միջոցով ապահովվելու է վարչական շրջանի ղեկավարի գործունեության մասին բնակիչների իրազեկվածությունը և անհրաժեշտ մասնակցությունը վարչական շրջանի կառավարմանն ու զարգացմանը:

Մեկնաբանել