Ցույցեր Ստամբուլում՝ ի նշան ցուցարարի մահվան դեմ բողոքի

Սեպտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում թուրքական ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որոնք իրենց բողոքն էին արտահայտում ավելի վաղ Անթաքյա քաղաքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ ոստիկանության հետ բախման արդյունքում ցուցարար էր մահացել, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Այն բանից հետո, երբ Թաքսիմում մեծ թվով մարդիկ են հավաքվել, ոստիկանությունը նրանց հետ է մղել՝ ակցիայի անցկացումը կանխելու համար: Այս ընթացքում կրկին կիրառվել է արցունքաբեր գազ և ջրաշիթ, ոստիկանությունը ցուցարարներին հետևել է Իսթիքլալ պողոտայում և մերձակայքի նեղ փողոցներում:

Hurriyet Daily News-ի հաղորդմամբ՝ իրավապահների գործողությունները Իսթիքլալի շրջանում շարունակվել են ավելի քան չորս ժամ: Որոշ տվյալներով՝ միայն Ստամբուլում ձերբակալվել է 41 մարդ:

Եվս մեկ ցույց անց է կացվել Քադիքյոյ շրջանում՝ Ստամբուլի ասիական մասում:

22-ամյա Ահմեթ Աթաքանը մահացել է սեպտեմբերի 10-ի առավոտյան Անթաքյայում, որտեղ ցույցի դուրս եկած քաղաքացիները պահանջում էին բացահայտել և պատժել նույն շրջանում Գեզի այգու պաշտպանության համար  կազմակերպված ցույցի ընթացքում մահացած Աբդուլլահ Ջյոմերթին սպանողներին: Ոստիկանությունը փորձել է ցրել ցույցը և արցունքաբեր գազ կիրառել, ինչի հետևանքով Ահմեթ Աթաքան վիրավորվել է և հիվանդանոց տեղախոխվելու ճանապարհին մահացել: