Երևանի քաղաքապետին կից կգործի 7 խորհուրդ

Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ին գումարված արտահերթ նիստում քննարկվել և քվեարկության համար գրանցված ավագանու 52 անդամների միաձայն կողմ քվեարկությամբ հաստատվել է հանրային բաց լսումների, քննարկումների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև դրանց վերաբերյալ Երևան քաղաքի ավագանուն տեղեկատվություն տրամադրելու կարգը:

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Երևանում տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների, հասարակական կազմակերպությունների, միավորումների, հանրության մասնակցությունն ու իրազեկումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման նկատմամբ հանրային վերահսկողությունը ապահովելու նպատակով` Երևանի քաղաքապետին կից ստեղծվում և այսուհետ գործելու են խորհրդակցական մարմիններ: Երևանի ավագանին արտահերթ նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ինչպես նաև ձևավորման և գործունեության կարգը:

Համաձայն ավագանու որոշման` Երևանի քաղաքապետին կից գործելու են 7՝ համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման, քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի, առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի, մշակույթի և հանրակրթության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և աջակցման, երիտասարդության հարցերի, ինչպես նաև հանրային կապերի խորհուրդները:
Ավագանու արտահերթ նիստում ներառված օրակարգային մյուս երկու հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:

Մեկնաբանել