iOS 7 բջջային օպերացիոն համակարգը բեռնման համար հասանելի կլինի 2013թ․ սեպտեմբերի 18-ին, հաղորդում է Verge-ը: Այս մասին սեպտեմբերի 10-ին Կալիֆոռնիայում կայացած Apple-ի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը:
iOS 7 օպերացիոն համակարգն աշխատում է iPhone 4S և 5 սմարթֆոնների, ինչպես նաև 3-րդ և 4-րդ սերնդի iPad պլանշետների, iPad mini-ի և 5-րդ սերնդի iPod touch նվագարկիչի հետ: Ավելի ուշ՝ օպերացիոն համակարգի մեկ այլ թարմացման արդյունքում, նոր համակարգը հնարավոր կլինի տեղադրել նաև հին՝ iPhone 4 և iPad 2 գաջեթներում:
iOS 7-ն անվճար կլինի բոլոր օգտագործողների համար: Համակարգը ստացել է ամբողջովին թարմացված արտաքին տեսք, խնդիրների կառավարման միասնական Control Center կենտրոն, iTunes Radio երաժշտական ծառայություն և մի շարք այլ նորարարություններ:
Նոր օպերացիոն համակարգի հետ միասին անվճար կտրամադրվեն iWork-ի բոլոր բջջային ծրագրերը՝ Keynote տեքստի խմբագրիչը, ներկայացումների պատրաստման համար նախատեսված Pages-ը, աղյուսակի խմբագրիչ Numbers-ը, ֆոտոխմբագրիչ iPhoto-ն, տեսախմբագրիչ iMovie-ն:
Հատկանշական է, որ վերոնշյալ անվճար բջջային ծրագրերը կտրամադրվեն միայն նոր iPhone և iPad գաջեթների գնորդներին: Ինչպես հայտարարել է Apple-ի ղեկավար Թիմ Կուկը՝ iOS 7-ը կդառնա աշխարհում ամենաճանաչված օպերացիոն համակարգը: