Դինքի գործում կշեշտադրվի «զինյալ ահաբեկչական կազմակերպություն» սահմանումը

«Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով սեպտեմբերի 17-ին վերսկսվող դատավարության ընթացքում շեշտադրում կարվի «զինյալ ահաբեկչական կազմակերպություն» սահմանման վրա, գրել է Hurriyet անգլալեզու թերթի հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուն՝ վկայակոչելով Դինքի ընտանիքի փաստաբաններին:

Փաստաբան Ջեմ Հալավուրթի խոսքով՝ իրենք պահանջելու են, որ բացահայտվի «կապերի ու ծանոթությունների ամբողջ ցանցը»:  Ստամբուլի դատարանը վերսկսելու է Դինքի սպանության գործով դատալսումներն այն բանից հետո, երբ Թուրքիայի վերաքննիչ գերագույն դատարանի մայիսի 15-ի որոշմամբ՝ Դինքի սպանության գործով դատապարտվածներին առաջադրվել է «զինված հանցանք գործելու նպատակով կազմակերպության հիմնում և ղեկավարում» մեղադրանքը, ինչը թեթևացրել է մեղավորների պատիժները։

«Դինքի գործն ավելի խճճված է, քան «Էրգենեկոնի» գործը [դավադրություն հեղաշրջման նպատակով], այդ պատճառով այն դեռ չի բացահայտվել», – ասել է Հալավուրթը:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին: 5 տարի ընթացող դատավարությունից հետո` 2012թ. հունվարի 17-ին, հրապարակվեց դատավճիռը, ըստ որի` հանցանքը ահաբեկչական կազմակերպության ձեռքի գործը չէ, թեպետ դրան ընդդիմանում էր Դինքը ընտանիքը: Որոշման համաձայն` թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու և կազմակերպելու մեղադրանքով և դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց, իսկ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթն ավելի վաղ դատապարտվել էր 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար։ Սակայն 2013թ. հունվարին Թուրքիայի հանրապետական դատախազությունը չեղյալ հայտարարեց Դինքի գործով դատավճիռը:

Հալավուրթի խոսքով՝ «Ամաչում եմ. Հրանտ Դինքի սպանության դատավարությունը» գրքի  հեղինակ, Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինի այն պնդումը, որը Դինքի սպանության հրամանը տվել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT), շատ հիմնավոր է:   

«Հանրությունը տեղյակ է, որ MIT-ը մի կառույց է, որը դերակատարում է ունեցել Դինքի սպանության գործում, և դրա համար կան վկայություններ», – ասել է փաստաբանը: