$3,8 մլն USAID-ից՝ կենսաթոշակային բարեփոխումներին

USAID-ի հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը (կենտրոնում) «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի» շնորհանդեսին, 11-ը սեպտեմբերի, Երևան։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ Հայաստանում մեկնարկում է կենսաթոշակային բարեփոխումների ևս մեկ ծրագիր։ Այսօր, սեպտեմբերի 11-ին «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի» շնորհանդեսին USAID-ի հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդն ասաց, որ քառամյա այս ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կկազմի $3,8 մլն, միջոցները կուղղվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։

Հիլիարդը հիշեցրեց, որ USAID-ն ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումներին սկսած 2010-ից, երբ որոշում ընդունվեց անցում կատարել բազմաշերտ կենսաթոշակային համակարգի և 2014թ. հունվարի 1-ից ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։

Ըստ Հիլիարդի՝ USAID-ն կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում շարունակելու է համագործակցել ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի հետ, որպեսզի ապահովի պարտադիր կուտակային համակարգի ֆինանսական կայունությունը։ «Համակարգում ներդրվելու են աշխատակիցների ֆինանսական միջոցները և կառավարությունը պատասխանատվություն է կրում այդ միջոցների համար»,- նշեց Հիլիարդը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ այս ծրագրի շրջանակում կհզորացվեն նաև սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողությունները։ Նախարարը նշեց, որ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շրջանակում արդեն ներդրվել են էլեկտրոնային կառավարման համակարգեր, այսօր հայտնի են 500 հազ. կենսաթոշակառուների տվյալները։ «Ներկայում ամենակարևորը ոչ միայն այդ տվյալներն ունենալն է, այլև զարգացնել դրանք վերլուծելու կարողությունները»,- ասաց նախարարը։