Freedom House-ը կոչ է անում հետաձգել Սոբյանինի երդմնակալությունը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել հետաձգել Մոսկվայի քաղաքապետի՝ սեպտեմբերի 8-ին կայացած ընտրություններում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինի հաղթանակի վերջնական հայտարարումը և նրա երդմնակալությունը այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվի վիճելի բոլոր հարցերը։

Freedom House-ը կարծում է, որ Սոբյանինը պետք է կատարի քվեարկության նախօրեին տված իր խոստումը՝ անցկացնելու արդար, մրցունակ և բաց ընտրություններ։ Իր ընտրվելու օրինականությունն ապացուցելու համար նա պետք է արձագանքի ձայները վերահաշվարկելու կամ քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու կոչերին, կարծում են կազմակերպությունում։

Հիշեցնենք, որ համաձայն պաշտոնական արդյունքների` Սերգեյ Սոբյանինը ստացել է ընտրողների ձայների 51,37%-ը, իսկ նրա գլխավոր մրցակից, հայտնի ընդդիմադիր գործիչ և բլոգեր Ալեքսեյ Նավալնին` 27,24%-ը։ Վերջինիս շտաբում վիճարկում են այն փաստը, որ Սոբյանինը ստացել է ընտրողների ձայների ավելի քան կեսը։

Նախօրեին Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովը հաստատել է Սոբյանինի՝ Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ ընտրվելու որոշումը։ Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա արագացված կարգով՝ ոչ թե սեպտեմբերի 18-ին, ինչպես որոշված էր, այլ սեպտեմբերի 12-ին։

Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովում շտապողականությունը բացատրում են հնարավորինս շուտ մայրաքաղաքային կառավարություն ձևավորելու անհրաժեշտությամբ։

Նավալնին վստահեցնում է, որ երդմնակալության արարողության ժամկետների տեղափոխման պատճառը «ոչ արդար ընտրությունների արդյունքներն արագ ամրագրելու՝ թղթի վրա արագ կնիք դնելու ձգտումն է»։