Վրաստանի ԿԸՀ-ն գրանցել է նախագահի վեց թեկնածու

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրություններին մասնակցելու համար պաշտոնապես գրանցել է վեց թեկնածուի, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: 

ԿԸՀ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 11-ի դրությամբ որպես թեկնածու է գրանցվել Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, «Հանուն արդար Վրաստանի» կուսակցության առաջնորդ Սերգո Ջավախիձեն, «Վրացական երազանք» կուակցությունից առաջադրված Գեորգի Մարգվելաշվիլին: Նախաձեռնող խմբերի կողմից առաջադրված թեկնածուներից են Միխայիլ Սալուաշվիլին, Նեսթան Կիրտաձեն և Գեորգի Լիլուաշվիլին: 

Ընդհանուր առմամբ ԿԸՀ-ն ստացել է 54 դիմում: Քաղաքական կուսակցությունների կողմից առաջադրվել է 12 թեկնածու, մյուսներին առաջադրել են նախաձեռնող խմբերը: Վրաստանում նախագահի թեկնածուների գրանցումը կավարտվի սեպտեմբերի 17-ին: Մինչ այդ բոլոր թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց կողմնակիցների 26 350 ստորագրություն: 

Վրաստանի ընտրական օրենսդրությունը թույլ է տալիս նախագահի բոլոր թեկնածուներին իրենց թեկնածությունը հանել հոկտեմբերի 17-ից ոչ ուշ: 

Նախագահական ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 27-ին: