Կանենք ամեն բան` պարզելու թուրք ցուցարարի մահվան հանգամանքները. Գյուլ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ցավ է հայտնել 22-ամյա ցուցարար Ահմեթ Աթաքանի մահվան կապակցությամբ և խոստացել անել անհրաժեշտ ամեն բան տեղի ունեցածի վրա լույս սփռելու համար, հաղորդում է Hurriyet Daily News-ը: 

«Այս հարցը մանրակրկիտ կհետաքննվի: Կարվի անհրաժեշտ ամեն ինչ: Հարցը բավական հակասական է՝ որքանով տեղյակ եմ: Խորը ցավ եմ զգում. կյանքի կորուստը կատակ չէ»,- ասել է Գյուլը՝ անդրադառնալով սեպտեմբերի 10-ին ցուցարարի մահվանը:

Ահմեթ Աթաքանը մասնակցել է Անթաքյայում ընթացող ցույցին, որի մասնակիցներն իրենց համերաշխությունն էին հայտնում Անկարայի Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի տարածքում ճանապարհի շինարարության դեմ պայքարող ուսանողներին, միևնույն ժամանակ, պահանջում էին բացահայտել և պատժել նույն վայրում Գեզի այգու պաշտպանության համար հունիսի սկզբին կազմակերպված ցույցի ընթացքում մահացած Աբդուլլահ Ջյոմերթին սպանողներին:

Ոստիկանությունը դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել և պնդում է, որ Աթաքանն ընկել է շենքից, չնայած՝ բժշկական նախնական եզրակացության համաձայն՝ ցուցարարի վրա թափվել է մեկ սակառ արցունքաբեր գազ:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերի խոսքով՝ Աթաքանը, դատելով տեսանյութից, մահացել է շենքից ընկնելու հետևանքով: 

«Ոչինչ գաղտնի չի մնա, պետք է համբերատար սպասել», – ասել է Գյուլերը:

Ահմեթ Աթաքանն այս ամառվա ընթացքում հակակառավարական ցույցերում սպանված վեցերորդ ցուցարարն է: Աթաքանի մահը բողոքի ալիք է բարձրացրել Ստամբուլում և թուրքական այլ քաղաքներում: