Ալենի և Սոսեի հիշատակի անտառ կտնկվի

2013թ. մայիսի 10-ին Վրաստանում ավտովթարից զոհված` Սիվիլնեթի աշխատակից Ալեն Եկիկյանի և նրա կնոջ` Սոսե Թովմասյանի հիշատակի անտառ կտնկվի: Այս մասին ասված է Սոսեի և Ալենի հիշատակին ստեղծված «Ժառանգություն» հիմնադրամի և Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

«Այս անտառը կլինի Սոսեին և Ալենին հիշատակելու լավագույն վայրը և միևնույն ժամանակ կունենա դրական ազդեցություն Հայաստանի շրջակա միջավայրի վրա»,- ասել է Սոսեի եղբայրը` Վաչե Թովմասյանը, որը նաև «Ժառանգություն» հիմնադրամի հիմնադիրներից է:

Հիմնադրամների տարածած հաղորդագրության համաձայն` քարոզարշավը գործելու է հետևյալ կերպ. ամեն անգամ Armenia Tree Project-ի ֆեյսբուքյան էջը «հավանելու» (like)  դեպքում հիշատակի անտառում կտնկվի 5 ծառ:

«Սա համատեղ և ինտերակտիվ քարոզարշավ է, որը կարևորում է ATP ԲՀ–ի կողմից իրականացվող հսկայական աշխատանքները, և մենք կոչ ենք անում տարածել այս տեղեկությունը` անտառը ավելի մեծացնելու նպատակով: Սոցիալական լրատվության  բնագավառը ընդգծում  է Սոսեի և Ալենի ուշադրությունը, որն ուղղված էր տեխնոլոգիաների կիրառմանը և մարդկանց ներգրավվածության  խրախուսմանը»,- հավելել է Վաչե Թովմասյանը:

Քարոզարշավը մեկնարկել է Սոսեի ծննդյան օրը` սեպտեմբերի 10-ին, և կավարտվի Ալենի ծննդյան օրը` 2014թ. մարտի 10-ին: Կազմակերպությունները մտադիր են հավաքել առնվազն 10 հազ. «հավանություն» (likes), որպեսզի հնարավոր լինի 18 հա հողատարածքի վրա տնկել 50 հազ. ծառ: Տնկման վայրը կընտրվի անմիջապես, քանի որ ծառատունկը նախատեսվում է իրականացնել 2014թ. գարնանը: 

Հարկերից ազատված ներդրումները, որոնք կաջակցեն հիշատակի անտառի ստեղծմանը, կարող են արվել ATP ԲՀ-ին` զանգահարելով (617) 926-TREE, ATP ԲՀ -ի վեբ-կայքի միջոցով, կամ փոստով` Armenia Tree Project, 65 Main Street, Watertown, MA 02472: Նվիրատուները պետք է նշեն, որ նվիրատվությունը կատարվում է ի հիշատակ Սոսեի և Ալենի