Սիրիայում հակամարտության երկու կողմերն էլ խախտում են մարդու իրավունքները․ ՄԱԿ

ՄԱԿ-ի՝ Սիրիայում տիրող իրադրության վերաբերյալ նոր զեկույցում ասված է, որ հակամարտության երկու կողմերը՝ կառավարական ուժերն ու ապստամբները, իրականացնում են ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, հաղորդում է BBC-ն։

Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ այժմ Սիրիայում ամենատարածված հանցագործություններից են խոշտանգումներն ու բռնաբարությունները։ Կառավարական ուժերը, ինչպես ասված է զեկույցում, հաճախ կիրառում են կասետային զինամթերք, ինչն արգելված է միջազգային մի շարք կոնվենցիաներով։

Ընդդիմությունն առաջատար է մահապատիժների թվով, նշում են ՄԱԿ-ում։ Զեկույցի հեղինակների խոսքով՝ իրենք ունեն մի երկար ցուցակ, որում այն անձինք են, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն իրականացված ռազմական հանցագործությունների համար։

ՄԱԿ-ի տեսուչներին Սիրիա մուտք գործելու թույլտվություն չեն տվել, և նրանք զեկույցի համար տեղեկատվությունը հավաքել են՝ հարցաքննելով վկաների, վերլուծելով տեսանյութեր և արբանյակային լուսանկարներ։

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Մեկնաբանել