Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու համար քիչ ժամանակ կա. Ռոհանի

Իրանը պատրաստ է աշխարհի տերությունների հետ իր միջուկային հարցի շուրջ փոխշահավետ համաձայնության գալ, սակայն դրան հասնելու համար քիչ ժամանակ կա, ասել է այդ երկրի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Al Jazeera-ն:

Սեպտեմբերի 10-ին իրանական պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում Ռոհանին ասել է, որ աշխարհը պետք է օգտվի իրադրությունից և ընտրությունների արդյունքում ստեղծված հարմար պահից:

Ռոհանին արտաքին քաղաքականության ոլորտում կարևորություն է տալիս դիվանագիտական մոտեցումներին՝ ավելի շատ, քան նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Միևնույն ժամանակ, Իրանի ներկայիս նախագահը շեշտում է, որ իր երկիրը չի պատրաստվում նահանջել իր միջուկային ծրագրից:

«Իրանցի ժողովրդի իրավունքներից մեկն է իր հողում ուրանի հարստացումը, իհարկե, միջազգային պարտավորությունների շրջանակում՝ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության վերահսկողության տակ և խաղաղ ուղղվածությունը պահպանելու պայմանով», – ասել է Ռոհանին:

Մեկնաբանել