Սնոուդենը հնարավոր է՝ Սախարովի անվան մրցանակ ստանա

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարող է դառնալ Եվրախորհրդարանի Սախարովի անվան «Հանուն ազատախոհության» մրցանակի 2013թ․ դափնեկիր։

Սնոուդենի թեկնածությունը ներկայացրել է «Եվրոպական միացյալ ձախեր/Հյուսիսի ձախ-կանաչներ» խորհրդարանական խմբակցությունը, ռուսական «Ռիա նովոստի» գործակալությանը հաղորդել է խմբակցության ներկայացուցիչը։

«Այս մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր, իսկ թեկնածության առաջադրումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների, զարգացման և մարդու իրավունքների հանձնաժողովների համատեղ նիստին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը միջազգային ճանաչվածություն ստացավ ամերիկյան հատուկ ծառայությունների մասին գաղտնի տեղեկությունների հրապարակումից հետո։ Ներկայում Սնոուդենը Ռուսաստանում է, որտեղ նրան ժամանակավոր ապաստան է տրամադրվել։

Սախարովի անվան մրցանակը շնորհվում է մարդկանց ու կազմակերպությունների, որոնք հատուկ ներդրում են ունեցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Մրցանակը ներառում է €50 հազ-ի դրամական պարգև։

1988թ․ Սախարովի անվան մրցանակի առաջին դափնեկիրներ են դարձել Նելսոն Մանդելան և ԽՍՀՄ ժամանակների այլախոհ Անատոլի Մարչենկոն։

Մեկնաբանել