Առաջարկությունների տաղավարներ` Երևանի փողոցներում

Երևանի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկությունները ներառելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երևանի մարդաշատ վայրերում տաղավարներ են տեղադրվում. մեկական տաղավար յուրաքանչյուր վարչական շրջանում, հաղորդում են քաղաքապետի մամուլի ծառայությունից:

«Առաջարկությունների տաղավարը Տարոն Մարգարյանի առաջարկած նոր, հավելյալ օղակը կամ այլընտրանքային այն գործիքն է, որի նպատակը  երևանցիներին քաղաքի զարգացման ծրագրերին մասնակից դարձնելն է, քաղաքացիների առաջարկությունները, մտահղացումները նույնպես ավելի լավ, գեղեցիկ, ավելի հարմարավետ Երևան ունենալուն ծառայեցնելն է։ Նամակներն արկղերից հանվելու են շաբաթը մեկ կամ երկու անգամ՝ կախված դրանց քանակից, հասարակության ակտիվությունից։ Դրանք բոլորը ներկայացնելու ենք քաղաքապետին։ Առաջարկությունները խմբավորելու ենք ըստ առաջնահերթության, ոլորտների, իսկ լավագույն առաջարկների հեղինակներն էլ հրավիրվելու են քաղաքապետարան՝ քննարկումներին մասնակցելու»,– մանրամասնել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

Աջափնյակ, Արաբկիր, Նոր Նորք, Ավան և Կենտրոն վարչական շրջանների մարդաշատ վայրերում Առաջարկությունների առաջին տաղավարներն արդեն տեղադրվել են։ Մյուս վարչական շրջաններում դրանք տեղադրվելու են հաջորդ շաբաթվա ընթացքում։