Սպորտի նախկին նախարարը քննադատում է Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը

Սպորտի և երիտասարդության հարցերով նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հրաչյա Ռոստոմյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է սեպտեմբերի 10-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի՝ Դանիայի հետ խաղում 0:1 կրած պարտությանը: Ռոստոմյանն առանձնացրել է այն պատճառները, որոնք, ըստ նրա, խոչընդոտում են ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում: Գրառումը ներկայացված է ստորև:

Մինչ օրս ձեռնպահ եմ մնացել մեր ֆուտբոլում տիրող իրավիճակի մասին տեսակետ արտահայտելուց, սակայն, Հայաստան-Դանիա երեկվա խաղից հետո, գտնում եմ, որ պետք է անպայման ասեմ իմ անձնական կարծիքը:

Նախ ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել հավաքականի բոլոր անդամներին, խաղի ընթացքում ներդրած ուժերի և իրենց հնարավորությունների առավելագույն սահմաններում մինչև վերջ պայքարելու համար: Բազմիցս եմ նշել, որ սպորտում հաղթանակներն ու պարտությունները մշտապես զուգորդում են իրար, ուստի պետք է մեր մարզիկների կողքին լինել, սատարել, ոգևորել նրանց, ինչպես հաղթանակների, այնպես էլ պարտությունների ժամանակ, ավելին, նրանք մեր լավ վերաբերմունքի կարիքը հատկապես ունեն անհաջող խաղերից հետո: Ցավոք, ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ երեկվա խաղից հետո մեր ֆուտբոլիստները մնացել են այդ պարտության հետ միայնակ, ինչը, կարծում եմ, անթույլատրելի է:

Միաժամանակ գտնում եմ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ մարզիչ Վարդան Մինասյանը, չնայած իմ կարծիքով, որպես ֆուտբոլիստ միջինին մոտ արդյունքներ է գրանցել, որպես մարզիչ լավ պոտենցիալ ունի և բավականին տաղանդավոր է: Եվ այդ լավ մարզավիճակը պահպանելու, միջազգային փորձը ուսումնասիրելու և կիրառելու, մարզական մասնագիտական վերելք ունենալու համար մարզիչներին նույնպես անհրաժեշտ է աշխատանքային փորձ ձեռք բերել արտերկրում: Վ. Մինասյանը որպես հավաքականի ավագ մարզիչ, կարծում եմ, հասել է իր առավելագույնին, այնպես որ, եթե նա իր աշխատանքային գործունեությունը չշարունակի հզոր ներքին առաջնություն ունեցող արտասահմանյան ֆուտբոլային ակումբներից մեկում, ապա նրա մոտ աշխատանքային «լճացումը» շարունակվելու է, ինչի արդյունքին հետագայում ևս ականատես ենք լինելու: Հաճախ են նրան մեղադում մեր հավաքականի մեկ անգամ հաջող, իսկ հաջորդ անգամ անհաջող խաղ ցույց տալու համար, սակայն, դա ունի իր հասարակ բացատրությունը:

Հայաստանի հավաքականը խաղային համապատասխան դիրքերում ունի ընդամենը մեկ լուրջ` միջազգային մակարդակի, ֆուտբոլիստ: Բնականաբար մեկ խաղացողի բացակայությունը շատ մեծ և զգալի ազդեցություն կարող է ունենալ ողջ հավաքականի խաղի վրա: Սրա ապացույցին նունպես ականատես եղանք երեկ: Եթե Բերեզովսկու՝ խաղին չմասնակցելը հնարավոր եղավ լրացնել Կասպարովով, ով, ի դեպ, մի քանի անգամ փրկեց մերոնց վերահաս գոլից, ապա Յուրա Մովսիսյանին փոխարինել ոչ ոքի չհաջողվեց: Այո՛, երեկ խաղում էր Հենրիխ Մխիթարյանը, և խաղում էր իր ուժերի առավելագույն ներդրմամբ, սակայն նա նույնպես չկարողացավ հաղթանակ ապահովել մերոնց համար, քանի որ ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ հնարավոր չէ միայնակ հաղթել:

Հայաստան-Դանիա երեկվա հանդիպումը ապացուցեց նաև, որ մեր ֆուտոլիստներն ունեն բավականին թույլ ֆիզիկական պատրաստվածություն: Փաստորեն, նրանք չէին կարողացել վերականգնել իրենց մարզավիճակը Պրահայում անցկացրած խաղից հետո:
Եվ ունենալով մեկ հիմնական կազմ, առանց համապատասխան փոխարինողների, հնարավոր չեղավ լավ խաղ ապահովել իրար հաջորդող երկու լուրջ հանդիպումներում, առավել ևս՝ ընդամենը քառօրյա ընդմիջումով: Չնայած, պետք է ասեմ, որ մեր հավաքականը ընտրել էր ճիշտ մարտավարություն, օգտագործելով արագ հակահարձակումները:

Հայկական ֆուտբոլում տիրող վիճակի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ ֆուտբոլի մարզադպրոցների, ակումբների բացակայությունը, տարբեր տարիքային խմբերի հավաքականների հետ տարվող ոչ արդյունավետ աշխատանքները, շատ ֆուտբոլային ավանդույթներ ունեցող քաղաքներում (Վանաձոր, Դիլիջան, Արմավիր, Աբովյան) արդեն փակված և չգործող ֆուտբոլի մարզադպրոցները, ցավոք պետք է տար այս պատկերը: Ավելին, գտնում եմ, որ այսպես շարունակվելու դեպքում մոտ ապագայում նույնպես հայկական ֆուտբոլում իրավիճակի փոփոխություն դժվար թե նկատվի: Այնպես որ, Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը, համապատասխան ստորաբաժանումներն ու պատասխանատուները պետք է վերոհիշյալ իրավիճակի շտկման ուղղությամբ ակտիվ միջոցառումներ իրականացնեն: Անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել որակապես ավելի բարձր մակարդակ ունեցող ներհանրապետական խաղեր, որոնց միջոցով իսկապես կբարձրանա մեր ֆուտբոլիստների մասնագիտական որակավորումը և նրանց լուրջ փորձի ձեռքբերման հնարավորություն կտա: Ցավոք, մեզ մոտ բացարձակ հակառակ պատկերն է: Եվ երեկ ունեցանք այն` ինչ ունեցանք:

Մյուս, ոչ պակաս կարևոր հարցը, կազմակերպչական բնույթի է, որն իր ազդեցությունն ունեցավ խաղի արդյունքի վրա: Կարծում եմ, երկամյա ցիկլում ամենակարևոր հանդիպումներից մեկը «Հրազդան» մարզադաշտում անցկացնելու որոշումն էր: Բնականաբար, միշտ էլ կիսադատարկ խաղադաշտը վատ հոգեբանական ազդեցություն է թողնում մարզիկների վրա: Եվ այս դեպքում մերոնց չօգնեց նաև տանը խաղալու հանգամանքը: Վստահ եմ, որ չափսերով ավելի փոքր, բայց երկրպագուներով լի մարզադաշտը էմոցիոնալ առումով շատ դրական կազդեր մեր ֆուտբոլիստների վրա: Եվ այդ դեպքում կարող է խաղի հաշիվը բոլորովին այլ` ի օգուտ մեզ լինել:

Եզրափակելով՝ ասեմ, որ, բոլորս ենք ցավում երեկվա պարտության համար, և իմ մտահոգությունը պայմանավորված է միմիայն նրանով, որ վաղն ավելի կազմակերպված հավաքական ունենանք, որ Հայաստանում հնարավոր լինի ի վերջո վերականգնել ֆուտբոլային լավ ավանդույթները, որ մեր ֆուտբոլիստների խաղը դիտելիս յուրաքանչյուր անգամ բղավելով . «Հայաստան, առաաաա~ջ», հայկական ֆուտբոլն իսկապես մեկ քայլ առաջ տեղափոխվի:

Մեկնաբանել