ԱԱԾ պետի վարքը կքննի Էթիկայի հանձնաժողովը

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննության առնել ՀՀ Ազգային անվտագության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը:

«Թրանսփարենսիի» հաղորադգրությունոմ մասնավորապես ասված է. «2013թ. սեպտեմբերի 5-ին կառավարության հերթական նիստի օրը կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի հերթական ակցիայի մասնակիցների կողքով անցնելով, կառավարության շենք մուտք գործելիս՝ Գորիկ Հակոբյանը, դրսևորելով իր պաշտոնին անհարիր վարքագիծ, ակցիա անցկացնող ցուցարարներից մեկի աղաղակներին ի պատասխան, արձագանքել էր «Էշ ա, արա’», «ի՞նչ ես գոռում, ա’յ ոչխար» արտահայտություններով:

«Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները, այդ թվում`

  • «հարգել օրենքը և ենթարկվել օրենքին,
  • Իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը,
  • ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ,
  • հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս»:

ԹԻՀԿ-ն գտնում է, որ Գ. Հակոբյանի` քամահրական և անհարգալից վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին ոչ հարիր վարքագիծ է և նրա կողմից էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, որպիսի պարագայում վտանգվում է նաև հարգանքի և վստահության ձևավորումը նրան երկայացրած մարմնի` ԱԱԾ-ի նկատմամբ»:

Մեկնաբանել