ՌԴ մաքսայինը խորհրդակցություններ կսկսի ՀՀ-ի հետ

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին խորհրդակցություններ կսկսեն Հայաստանի հետ՝ վերջինիս՝ Մաքսային միությանը միանալու որոշման կապակցությամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Հոկտեմբերի 3-4-ին մենք կունենանք ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդակցություն։ Ըստ կարգավիճակի՝ այս միավորման նախագահը Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարն է։ Եվ ես կարծում եմ, որ մենք, չսպասելով որևէ պաշտոնական հայտարարության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կսկսենք արդեն գործնական բնույթի խորհրդակցություններ։ Մենք կուտակել ենք գործնական լուրջ փորձ և՛ իրավանորմատիվ հիմքի տեղծման, և՛ համատեղ տեխնոլոգիաներում։ Առավելևս, որ այնտեղ կլինեն Ղազախստանի և Բելառուսի մաքսային ծառայությունների ղեկավարները»,- ասել է նա։

Բելյանինովի խոսքով՝ ՌԴ մաքսային ծառայությունը դրսևորել է ցանկացած պայմաններում աշխատելու իր հնարավորությունն ու կարողությունը, այդուհանդերձ մեծ աշխատանք է սպասվում մի երկրի հետ, որն ընդհանուր սահմաններ չունի Մաքսային միության անդամ պետությունների հետ։

«Մենք աշխատանքային հրաշալի հարաբերություններ ունենք Հայաստանի մեր գործընկերների հետ։ Այնտեղ մաքսային ծառայությունը միասնական բլոկում է հարկային ծառայության հետ, և նրանք աշխատում են միասնական՝ իրականացնելով իրենց հարկային գործառույթները»,- նշել է նա և կարծիք հայտնել, թե մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը կլինի 100%-ով։ «Տեղեկատվական փոխգործակցություն, միասնական մոտեցումներ»,- ասել է Բելյանինովը։

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անսպասելիորեն հայտարարեց, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միություն և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Դրանով Հայաստանը փաստացի հրաժարվեց ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրից, որի նախաստորագրում նախատեսված էր նոյեմբերին, Վիլնյուսում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովին:

Մեկնաբանել