ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մտահոգված է ակտիվիստների նկատմամբ բռնություններով

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը սեպտեմբերի 11-ին հանդես է եկել քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության և ճնշումների վերջին դեպքերի վերաբերյալ հայտարարությամբ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Ես մտահոգված եմ Երևանում բողոքի ակցիաների ժամանակ խաղաղ հավաքների իրավունքի հնարավոր ոտնահարմամբ, ցուցարարների նկատմամբ ոտնձգություններով և անհիմն ճնշումներով: Չափազանց ցավալի են ուղղակի ճնշման ու ֆիզիկական ոտնձգության այնպիսի դեպքերը, որոնք իրականացվել են սեպտեմբերի 5-ին քաղաքացիական ակտիվիստներ, Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանի և «Թրանսփերնսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանի նկատմամբ:

Ներգրավված անձանց հասցված ֆիզիկական վնասից բացի՝ նման դեպքերը կարող են վնասակար ազդեցություն ունենալ նաև երկրում ընդհանուր քաղաքացիական ներգրավվածության և հասարակական մթնոլորտի վրա:

Հույժ կարևոր է դեպքերի պատշաճ հետաքննությունը, և ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին ձեռնարկել անհապաղ քայլեր այս ուղղությամբ: Ժամանակին արդարության իրականացումը և հանցագործների բացահայտումը կօգնի պահպանել հասարակության վստահությունը Հայաստանի կառույցների նկատմամբ և խրախուսել քաղաքացիական հասարակությանը՝ լինել ներգրավված և կառուցողական»: