Նավալնին կբողոքարկի մոսկովյան ընտրությունների արդյունքները

Մոսկվայի քաղաքապետի՝ սեպտեմբերի 8-ին կայացած ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր թեկնածու, հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնիի շտաբում հայտարարել են, որ ընտրությունների արդյունքները բողոքարկելու են դատարանում։ Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, ընդդիմությունը վստահեցնում է, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինի հաղթանակն արդեն առաջին փուլում հնարավոր է դարձել՝ շնորհիվ խախտումների և մեքենայությունների։

Դիմումներն ու կցված փաստաթղթերը մոտ 50 հազ․ էջ են կազմում, և դրանք ստիպված կլինենք դատարան տանել բեռնատարով, հայտնել է Նավալնին։

«Վաղն առավոտյան մենք Մոսկվայի քաղաքային դատարան կներկայացնենք դիմում ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ չեղյալ հայտարարելու վերաբերյալ և 951 դիմում շրջանային դատարաններ՝ ընտրությունների արդյունքները՝ ըստ ընտրատեղամասյին հանձնաժողովների չեղյալ հայտարարելու վերաբերյալ»,- գրել է Նավալնին LiveJournal-ի իր բլոգում։

Հիշեցնենք, որ համաձայն պաշտոնական արդյունքների` Սերգեյ Սոբյանինը ստացել է ընտրողների ձայների 51,37%-ը, իսկ Ալեքսեյ Նավալնին` 27,24%-ը։ Սոբյանինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա արագացված կարգով՝ ոչ թե սեպտեմբերի 18-ին, ինչպես որոշված էր, այլ սեպտեմբերի 12-ին։

Մեկնաբանել