Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել է 13 կրակոց. ՊՆ քննչական ծառայություն

2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչել է 13 կրակոց և օգտագործվել է 3 հրազեն. այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը` ներկայացնելով միջադեպի հանգամանքները:

Ըստ Արմեն Հարությունյանի` 11 կրակոց կատարել են Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, 2 կրակոց` սպանված Ավետիք Բուդաղյանը: Ըստ Հարությունյանի` Բուդաղյան եղբայրները խոցվել են Տիգրան Խաչատրյանի ձեռքի հրազենից, իսկ Արտակ Բուդաղյանի ձեռքի հրազենում փամփուշտներ չեն հայտնաբերվել:

ՊՆ քննչական ծառայության պետն անդրադարձավ նաև դեպքից հետո համացանցում հայտնված տեսանյութին` ասելով, որ այն տարբերվում է քննչական մարմնի առգրավված տեսանյութից միայն իր տևողությամբ և առաջարկեց լրագրողներին զուգադրել դրանք ասուլիսից հետո:

Ըստ նախաքննության` դեպքի ընթացքում Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել: Հարցին, թե ինչպես կարելի քնած մնալ բակում հնչած 13 կրակոցից հետո, Արմեն Հարությունյանը չպատասխանեց:

Լրագրողներն անդրադարձան նաև այն հանգամանքին, որ ձերբակալումից հետո կատարված բժշկական ստուգման համաձայն` Տիգրան Խաչատրյանը թմրանյութերի ազդեցության տակ է եղել, իսկ Արտակ Բուդաղյանի արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ:

Ի դեպ` ըստ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի` ստուգումը կատարվել է դեպքից վեց օր անց, երբ հիվանդանոցում Արտակ Բուդաղյանն ընդունել է սպիրտ պարունակող կազդուրիչ սիստեմաներ:

Հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմացի հատվածում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Սպանության փաստով ձերբակալվել էին Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը, իսկ Արտակ Բուդաղյանի դեմ սպանության սպառնալիքի հատկանիշով գործ էր հարուցվել:

2013թ. սեպտեմբերի 7-ին ՊՆ քննչական ծառայությունը որոշում է ընդունել, որ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:

Մեկնաբանել