Մոսկվան Վաշինգտոնին է փոխանցել սիրիական քիմիական զենքի վերահսկողության իր ծրագիրը

Մոսկվան Վաշինգտոնին փոխանցել է սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու մասին իր ծրագիրը, հաղորդում է ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ-ը: Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը գործակալության հետ զրույցում նշել է, որ ծրագիրը նախատեսվում է քննարկել սեպտեմբերի 12-ին Ժնևում` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման ընթացքում: Մոսկվայի այս ծրագրին իր հավանությունն է տվել նաև պաշտոնական Դամասկոսը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, իր հերթին, հետաձգել է Սիրիայում ռազմական գործողության վերաբերյալ քվեարկությունը Կոնգրեսում, որպեսզի շանս տա սիրիական քիմիական զենքի նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանելուն ուղղված դիվանագիտական ջանքերին, հաղորդում է BBC-ն։ Ամերիկացիներին ուղղված հեռուստաուղերձում ԱՄՆ-ի նախագահը պարզաբանել է, թե ինչու է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից բխում Սիրիայում քիմիական զենքի կիրառմանն արձագանքելը: