Ադրբեջանում պաշտոնապես գրանցվել է նախագահի ևս 4 թեկնածու

Այսօր` սեպտեմբերի 11-ին, Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես գրանցել է նախագահի ևս չորս թեկնածու, հաղորդում է contact.az-ը: Ընտրապայքարին կմասնակցեն «Միասնական Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Հուդրաթ Հասանղուլիևը, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Գաջիևը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն և «Ազգային վերածնունդ» շարժման առաջնորդ Ֆարաջ Զուլիևը:

Ավելի վաղ պաշտոնապես գրանցվել է նաև գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ումիդ» կուսակցության ղեկավար Իղբալ Աղազադեն և խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը: ԿՀԸ-ն մերժել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆուադ Ալիևի թեկնածության գրանցումը:

Հանձնաժողովը պետք է դիտարկի ևս 6 հոգու դիմումներ, որոնք ցանկանում են մասնակցել հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններին: Այսօր Ադրբեջան է ժամանել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելությունը, որը պետք է հետևի նախագահական ընտրությունների ընթացքին:

Մեկնաբանել