Ինչու Վանը չի գրավում զբոսաշրջիկներին

Վանի Աղթամար կղզում արդեն չորրորդ անգամ տեղի ունեցած Սբ Խաչի արարողությունը, որին այս անգամ մասնակցեց մոտ ութ հարյուր մարդ, տեղացիների համար չդարձավ սպասված բացառիկ եկամտաբեր օրը: (Photo: termessos.com)

Վանի Աղթամար կղզում արդեն չորրորդ անգամ տեղի ունեցած Սբ. Խաչի արարողությունը, որին այս անգամ մասնակցեց մոտ ութ հարյուր մարդ, տեղացիների համար չդարձավ սպասված բացառիկ եկամտաբեր օրը:

Տեղաբնակներն առաջին տարիներին շատ մեծ սպասումներ ունեին զբոսաշրջության այդքան էլ խոշոր հնարավորություններ չունեցող Վան քաղաքի հայկական եկեղեցիների վերանորոգումից: Հատկապես քրդերը չէին թաքցնում իրենց տնտեսական ծրագրերն, ասելով «Հո եվրոպացի՞ն չի գալու մեր չոլերը տեսնելու»: Իսկ այն հարցին, թե չե՞ն վախենում Սփյուռքի և Հայաստանի հայերի ուշադրության կտրուկ սևեռումից, ինքնավստահ պատասխանում էին. «Հարյուր տարի առաջ տեսել են՝ ովքեր են տերերը, այս անգամ էլ ցույց կտանք»:

Հայերի տներում ապրող, հայերի տնկած ծառերից մինչ այսօր բար քաղող, եղբայրությամբ լցված քրդերի մի մասը, կարոտելով հայերին, իրապես ցանկանում է տեսնել նրանց վերադարձը, բայց քիչ չեն նաև նրանք, որ նման արարողությունների ձևական բնույթը շատ լավ ընկալելով, դա դիտում են որպես շուկայական հարաբերությունների հնարավոր ակտիվացում և օժանդակում են դրան:

Վանի տուրիստական կազմակերպությունների ղեկավարներն ասում են, որ վերջին երկու տարիներին սպասված ակտիվությունը չի իրականանում, քանի որ կղզու եկեղեցու մասին լուրջ գովազդային աշխատանք չի տարվում: Չպետք է մոռանալ նաև, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ այն թուրք ազգայնական խումբը, որի հիմնական գործը «Ցեղասպանության հայկական անհիմն պնդումների» դեմ պայքարն է, հայտարարել էր, թե եկեղեցին պատկանում է պեչենեգ թուրքերին: Բացի Սփյուռքից և Թուրքիայի հայերից, զարմանալիորեն սակավ էր նաև թուրքական և միջազգային հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և դիվանագետների մասնակցությունը:

Այս տարի եկեղեցում նախատեսվում էր նաև մկրտություն: Թուրքիայի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը սուրբ պատարագն ավարտեց ընդամենը վեց մարդու մկրտությամբ: Աթեշյանն իր հերթին հարկավոր համարեց նշել, որ հայերը չեն եկել այստեղ զինվորական պետական կամ տնտեսական նվաճումներ տոնելու, այլ ընդամենը կատարելու իրենց հավատքի պարտքը:

Պետությունն իր հերթին վերջապես կարողացավ մի խելամիտ որոշում իրականացնել ու չթույլատրել թուրք ազգայնականներին և նրանց ադրբեջանցի գործընկերներին 1915թ. հայերի բռնաբարություններից ազատվելու համար կղզի բերվելուց իրենց նավերից ծովը նետած հիսուն թուրք պատվավոր կանանց հիշատակի քողի տակ խանգարել եկեղեցական արարողությունը: Այս հայատյաց ազգայնական խաժամուժը սահմանափակվեց կղզու դիմացի ափին խեղդված հիսուն մահմեդական կանանց հիշատակի համար կատարված նամազով և Վանա լիճ ծաղիկներ նետելով:

Մինչ այսօր թուրքերը չեն կարողանում հաշտվել եկեղեցու վերականգնման հետ՝ իշխող կուսակցությանը մեղադրելով պետական բյուջեից 1.5 միլիոն դոլար ծախսելու, մի անգամ խոստացված, սակայն արդեն չորրորդ անգամ մատուցվող պատարագների թույլատրության և ամենակարևորը` թանգարանի վերածված եկեղեցու գլխին խաչ կանգնեցնելու համար: Որոշ ուրքերի նույնիսկ շատ է հուզում նաև այդ օրը վառված մոմերից ստացված եկամուտի ճակատագիրը:

Այս ամենն այնքան էլ չի զարմացնում ինձ: Երբ թուրքական պետության կողմից որպես թարգմանիչ հրավիրվել էի եկեղեցու բացմանը, որպեսզի իրենց խոսքը հասկանալի դառնա Հայաստանից եկած պատվիրակության և հայ այլ հյուրերի համար, վերջին պահին Գևաշի քաղաքապետը մոտեցավ ինձ և ասաց. «Հայերեն թարգմանությունը չեղյալ ենք հայտարարում, այս կղզում հայերենը պաշտոնապես չի հնչելու»:

Ուրեմն այնքան էլ դժվար չէ հասկանալ, թե բարեկամության ձևական խոստումներն ու հայկական մի քանի եկեղեցիների վերականգնմանն ուղղված փոքրիկ քայլերն ինչու պտուղ չեն տալիս նույնիսկ տեղական զբոսաշրջության զարգացման շրջանակներում:

Մեկնաբանել