«Ռուսաստանը զգուշության կոչ է անում». Պուտինի հոդվածը New York Times-ում

Ամերիկյան New York Times պարբերականն իր կայքում սեպտեմբերի 11-ի երեկոյան հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «Ռուսաստանը զգուշության կոչ է անում» վերնագրով հոդվածը: Հեղինակը նկատի ունի զգուշությունը սիրիական ճգնաժամին ԱՄՆ-ի ռազմական միջամտության հարցում:

Պուտինն ընթերցողներին հիշեցնում է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան ՄԱԿ-ը համատեղ ստեղծել են որպես արգելապատնեշ ռազմական ուժի ապօրինի կիրառման ճանապարհին: «Մենք աջակցում ենք ոչ թե Սիրիայի կառավարությանը, այլ միջազգային իրավունքը, որն աշխարհը հետ է պահում քաոսի անդունդը գլորվելուց»,- հայտարարում է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի կարծիքով` ԱՄՆ-ի ուժային ակցիայի դեմ փաստարկ է նաև այն, որ Սիրիայում կատարվողը ոչ թե հանուն ժողովրդավարության պայքար է, այլ իշխանության ու զինված ընդդիմության դիմակայություն է բազմակոնֆեսիոնալ երկրում: Նա վստահ է, որ այլ երկրների ներքին հակամարտություններին Ամերիկայի միջամտությունը չի համապատասխանում նրա սեփական երկարաժամկետ շահերին, ինչի մասին վկայում է ռազմական արշավների տխուր փորձը Աֆղանստանում, Իրաքում և Լիբիայում:

Պուտինը ողջունել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ համագործակցելու պատրաստակամությունը` դրանում տեսնելով միջազգային մթնոլորտի առողջացման շանս:

CNN-ի մենկաբանները նշում են, որ իրենց կարծիքով` Վլադիմիր Պուտինի նպատակը ցանկությունն է ցույց տալ ամերիկացիներին, որ Սիրիայի շուրջ դեպքերի զարգացումը կախված է ոչ այնքան իրենց նախագահից, որքան Ռուսաստանի նախագահի կամքից: Foxnews հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինը New York Times-ն օգտագործում է` Բարաք Օբամայի սիրիական ծրագիրը խափանելու համար: