Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը կարևորում է փոխզիջումները

Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ տևական լուծում առանց տարածաշրջանի առաջնորդների քաղաքական կամքի և փոխզիջումների. սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը, որն այս պաշտոնում փոխարինում է Ռոբերտ Բրադտկեին: Դեսպանը Հայաստան է ժամանել Բաքու կատարած այցից հետո:

«20 տարի է անցել հրադադարի հաստատումից. տարածաշրջանի ժողովուրդները ծանր գին են վճարել դրա համար և արժանի են տևական լուծման, ինչն այդքան էլ հեշտ չէ»,- Երևանում ասաց համանախագահը` հավելելով, որ ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականության իրավունքները շարունակում են մնալ ուղղորդող գործոններ համանախագահների համար, և Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ֆրանսիայի, Ռուսաստանի համանախագահների հետ` ապահովելու խնդրի տևական լուծումը:

Հարցին, թե արդյոք Ուորլիքը նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամայի նամակը, ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևիի դեպքում էր, համանախագահը բացասական պատասխանեց` հիշեցնելով, որ ԱՄՆ-ը ցանկանում է տեսնել ԼՂ հիմնախնդրի բանակցային լուծում:

Ամերիկացի համանախագահը նշեց, որ Մինսկի խմբի գործընթացի ուշադրության կենտրոնում մշտապես եղել է խնդրի տևական լուծման որոնումը, և ինքը կարևորում է վստահություն, անվտանգություն ձևավորող միջոցների անհրաժեշտությունը, ժողովուրդների միջև իրականացվող ծրագրերը:

«Մենք կարող ենք թարմացնել, նորովի ջանքեր գործադրել բոլոր հնարավոր միջոցառումների մասով»,- ասաց Ուորլիքը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող սպառազինությունների մրցավազքին` դեսպանը նշեց, որ իր նպատակը, ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում, լսելն է: Ըստ ամերիկացի համանախագահի` Ադրբեջանի մայրաքաղաքում իրենք քննարկել են բանակցությունների ճանապարհով խաղաղ լուծման որոնումը:

«Իհարկե, մենք ցանկանում ենք խուսափել սպառազինությունների մրցավազքից և ցանկանում ենք, որ խնդիրը խաղաղ լուծում ստանա»,- ասաց Ջեյմս Ուորլիքը:        

Ասուլիսի հետո նա ուղևորվել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ կշարունակի իր հանդիպումները և տեղում կծանոթանա առաջին գծի իրավիճակին:   

ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներն են Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան):   

Լուսանկարը` Ֆոտոլուրի