Կեսմիլիոնանոց կենդանի շղթա՝ հանուն Կատալոնիայի ինքնորոշման

Սեպտեմբերի 11-ին Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող Կատալոնիա ինքնավար շրջանում ավելի քան 400 հազ․ մարդ կենդանի շղթա էր կազմել, որը ձգվում էր շրջանի 86 բնակավայրերի միջով՝ հյուսիսից հարավ։ Կատալոնիայի օրվան նվիրված այս ակցիան կազմակերպել էին շրջանի ինքնորոշման կողմնակիցները, հաղորդում է Reuters-ը։

Ակցիայի անցկացման համար մի քանի ժամով փակվել էր Ֆրանսիա, Բարսելոնայի բազմաթիվ փողոցներ և Կատալոնիայի այլ քաղաքներ տանող մայրուղին։

«Կատալոնական ուղու» համար հատկացվել էր 1,8 հազ․ավտոբուս։ Հասարակական կարգուկանոնին հետևել են երկու հազար կատալոնացի ոստիկաններ և մոտ հինգ հազար կամավորներ։

Ակցիան թույլատրել էր տեղական կառավարությունը, որի ղեկավար Արտուր Մասը թեև չի մասնակցել ակցիային, սակայն հայտնել է իր աջակցությունն ու հանդիպել «Կատալոնիայի ազգային ասամբլեա» հասարակական շարժման կազմակերպիչների հետ։

Մասի խոսքով՝ «իսպանական կառավարությունը պետք է ականջալուր լինի կատալոնացիների ձայնին, եթե չի ցանկանում Կատալոնիայի հետ լուրջ խնդիրներ ունենալ»։

Իսպանիայում իշխող Ժողովրդական կուսակցությունը, Կատալոնիայի Սոցիալիստական կուսակցության ղեկավարությունը չեն սատարել ակցիայի անցկացմանը՝ կարծելով, որ այն երկպառակություն է մտցնում կատալոնական հասարակության մեջ և շեղում ուշադրությունը ինքնավար շրջանի տնտեսական և սոցիալական խնդիրներից։

«Կատալոնական ուղին» ևս մեկ օղակ է ազգայնական ուժերի գործողությունների շղթայում։ Նրանց նպատակն է 2014թ․ հանրաքվեի դնել Կատալոնիայի ինքնորոշման հարցը, որը հակասահմանադրական է Իսպանիայի կառավարության համար։

Մեկնաբանել