Հանդիպում քաղաքապետարանում` Սիսակյան 3-ի վթարային շենքի բնակիչների հետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ նախորդ շաբաթ կատարած այցի շրջանակում, տեղում ծանոթանալով ընդհանուր շենքային պայմաններին, իրավիճակը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել մայրաքաղաքի առաջնահերթ լուծում պահանջող 4-րդ աստիճանի վթարային շենքերի խնդրի կարգավորման շրջանակում որոշակի լուծում տալ նաև Սիսակյան 3 շենքի բնակիչների բնակարանային խնդրին: Մասնավորապես նշվել է, որ գործընթացը իրականացվելու է փուլային լուծման եղանակով: 

«Հաշվի առնելով առկա ռեսուրսները` քաղաքապետարանը պատրաստ է Սիսակյան 3 շենքի հետ կապված հարցի լուծումը քննարկել փուլային տարբերակով: Այդ նպատակով պետք է սահմանել որոշակի առաջնահերթություն կամ սկզբունքներ»,-նշել է Վահե Նիկոյանը:

Հանդիպման շրջանակում բնակիչները ներկայացրել են իրենց կարծիքները, առաջարկներն ու դիրքորոշումները:

Խնդրի փուլային լուծման հնարավոր տարբերակների և սկզբունքների քննարկման նպատակով, բնակիչների առաջարկությամբ,  հանդիպումից հետո քաղաքապետարանի համապատասխան վարչությունների կողմից կազմակերպվել է բնակարանների փաստացի զբաղեցման մասով գույքագրում: