Թուրքիան կրկին անհանգիստ է

Սեպտեմբերի 11-ին Թուրքիայի Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Մերսին և Հաթայ քաղաքներում շարունակվել են բողոքի ակցիաները, որոնք սկսվել էին սեպտեմբերի 10-ին՝ ի նշան ավելի վաղ Անթաքյայում սպանված Ահմեթ Աթաքանի մահվան դեմ բողոքի։

Ինչպես հաղորդում է թուրքական Bianet-ը, բոլոր վայրերում թուրք իրավապահները կոշտ միջամտություն են իրականացրել` օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունն առավել կոշտ միջոցների է դիմել Իզմիրում, որտեղ ցուցարարները հավաքվել էին Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) մասնաշենքի մոտ: Ցուցարարներն Ահմեթ Աթաքանի մահվան մեջ մեղադրել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կուսակցությանը: Այստեղ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառվել ` փորձելով ցրել շուրջ 2 հազ. ցուցարարի։

Ոստիկանության պնդմամբ` ցուցարարները զինված էին: Որոշ վայրերում  բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանության ուղղությամբ: Ստամբուլի ասիական ափին՝ Քադըքոյ թաղամասում, Մերսինում և այլ վայրերում տեղի են ունեցել մի շարք ձերբակալություններ:

Ավելի վաղ դրությունը փորձել էր մեղմել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը հայտարարել էր, որ ցուցարարի մահվան հանգամանքները բացահայտելու համար կարվի հնարավոր ամեն բան:

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ հակակառավարական ցույցերը հնարավոր է՝ կշարունակվեն: