Ս. Սարգսյանն ընդունել է ԿԲ կառավարիչների ակումբի ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական/ազգային բանկերի կառավարիչների ակումբի ներկայացուցիչներին, որոնք Հայաստան են ժամանել ակումբի 30-րդ հանդիպման կապակցությամբ, որն անցկացվում է ՀՀ դրամի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

«Ակումբի շարունակական և համակարգված աշխատանքը կարող է մեծ ներդրում ունենալ մեր երկրների ֆինանսական կայունության և տնտեսական զարգացման գործում: Այսպիսի հանդիպումները նաև շատ լավ հնարավորություն են ծանոթանալու անդամ երկրներին, նրանց ժողովուրդների պատմությանը, մշակույթներին, ինչն էլ իր հերթին կարող է դրական ազդեցություն ունենալ փոխգործակցության ամրապնդման վրա»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը ԿԲ նախագահների հետ խոսել է նաև Հայաստանի ֆինանսական, բանկային համակարգի և, ընդհանուր առմամբ, տնտեսության մասին, հետաքրքրվել նաև ակումբի անդամ երկրների ֆինանսաբանկային համակարգերի ներկայիս վիճակով, համաշխարհային տնտեսության արդի մարտահրավերների ու դրանց հաղթահարման վերաբերյալ հանդիպման մասնակիցների մասնագիտական կարծիքներով: