Նավալնին բողոքարկել է մոսկովյան ընտրությունների արդյունքները

Մոսկվայի քաղաքապետի՝ սեպտեմբերի 8-ին կայացած ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր թեկնածու, հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին դատարանում բողոքարկել է ընտրությունների արդյունքները, հաղորդում է ռուսական Ինտերֆաքս գործակալությունը։ Նա բողոքարկում է ներկայացրել Մոսկվայի քաղաքային դատարան, ինչպես նաև 951 դիմում Մոսկվայի շրջանային դատարաններ։

Բողոքների ընդհանուր ծավալը 50 հազ․ էջ է կազմել։ Դիմումների արկղերի լուսանկարն իր Instagram-ում հրապարակել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի թղթակից Դարյա Պեշիկովան։ «Կոմերսանտ ՖՄ»-ի թղթակից Ելենա Մարտյանովան Twitter-ում տեղադրել է լուսանկար, որում Նավալնին ստորագրում է դատարան դիմումը։

Ալեքսեյ Նավալնին չի ճանաչում ընտրությունների արդյունքները, քանի որ նրա կարծիքով՝ Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը խուսափել է երկրորդ փուլից՝ շնորհիվ վարչական ռեսուրսի։ Բողոքներում նշվում է, որ Սոբյանինի օգտին անվճար քարոզարշավ են իրականացրել քաղաքային թերթերը, այդ թվում՝ «Վեչերնյայա Մոսկվան», վարչությունները թոշակառուներին բաժանել են սննդամթերք, իսկ տանը քվեարկողների ցուցակը կազմել են սոցիալական ծառայությունները, ինչը Նավալնիի կարծիքով՝ փաստացի վերածվել է ընտրություններին մասնակցելու հարկադրանքի։

Հիշեցնենք, որ համաձայն պաշտոնական արդյունքների` Սերգեյ Սոբյանինը ստացել է ընտրողների ձայների 51,37%-ը, իսկ Ալեքսեյ Նավալնին` 27,24%-ը։ Սոբյանինի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-ի երեկոյան։

Մեկնաբանել