Քաղաքապետարանը կերթևեկի տաքսով

Երևանի քաղաքապետարանը որոշել է իր և մայրաքաղաքի երկու վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմի տեղաշարժն ապահովել տաքսի ծառայությունների միջոցով։ Այս նպատակին ուղղվելու է մոտ Դ2,4 մլն։ Խոսքը, ընդհանուր առմամբ, 24 հազ. կմ երկարությամբ տեղաշարժի մասին է։

Վարչական ապարատի աշխատակիցների ներքին գործուղումները (ծառայողական ուղեփոխադրում) տաքսի ծառայության միջոցով կազմակերպելու անհրաժեշտությունը քաղաքապետարանը զգացել է ամռան ամիսներին։ Ծառայությունների ձեռք բերման երեք մրցույթներից երկուսը հայտարարվել են օգոստոսի 27-ին, հաղթող ընկերության հետ պայմանագրերը կնքվել են սեպտեմբերին։ Առաջին մրցույթը հայտարարվել էր հուլիսի 17-ին, պայմանագիրը կնքվել օգոստոսի 7-ին։ Քաղաքապետարանի կողմից տաքսի ծառայությունների ձեռքբերումը իրականացվել է շրջանակային համաձայնագրերով։

Ըստ Ֆինանսների նախարարության պետական գնումների պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունների՝ քաղաքապետարանը հարմարավետ տեղաշարժ որոշել է ապահովել իր և մայրաքաղաքի 12 վարչական շրջաններից երկուսի՝ Դավթաշենի և Էրեբունու աշխատակազմերի համար։

Այսպես, Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի (67 աշխատակից՝ ըստ Երևանի ավագանու կողմից հաստատված հաստիքացուցակի) ներքին գործուղումները կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը «Էլեն տրանս» տաքսի ծառայության հետ կնքել է Դ900 հազ-ի պայմանագիր (1 կմ գինը առանց ԱԱՀ-ի՝ Դ90)։ Պայմանագիրը կնքվել է ընթացիկ տարվա համար, ինչը նշանակում է, որ ծառայությունը մատուցվելու է այս տարվա 85 աշխատանքային օրերի ընթացքում։ Մինչև տարեվերջ օրական մատուցվելու է Դ10,6 հազ-ի տաքսի ծառայություն կամ մեկ աշխատողի հաշվով՝ Դ160 (ներառյալ տեխնիկական սպասարկման անձնակազմը՝ 16 աշխատակից, վարչական շրջանի ղեկավարը և նրա տեղակալը)։

Քաղաքապետարանի կողմից էրեբունի վարչական շրջանի ղեկավարի 110 աշխատակիցների համար «Տաքսի պրեստիժ» ընկերությունից ձեռք է բերել 693 հազ. արժողությամբ տաքսի ծառայություն։ Նույն ընկերությունը սպասարկելու է նաև Երևանի քաղաքապետարանին՝ նրա աշխատակազմի ներքին գործուղումները կազմակերպելու համար մատուցելով Դ800 հազ-ի ծառայություն։

Ի դեպ, ներքին գործուղումներում աշխատակիցների տեղաշարժն ապահովելու համար Կենտրոնական բանկի, կառավարության աշխատակազմը ներդրել է «հերթապահ մեքենաների» ինստիտուտը։

Մեկնաբանել